Գյումրու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում շտաբ հիմնել երկրի նախագահի համար: Որպես Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ ծառայելու է «Սլավյանսկի դվոր» ռեստորանը, որը պատկանում է Վարդան Ղուկասյանի մոտ ընկերոջը' Հովհաննեսին, որի հրուշակեղենի արտադրամասը մի քանի ամիս առաջ հրդեհվել էր:
Հետաքրքիրն այն է, որ Վարդան Ղուկասյանը շտաբը բացելու է իր անձնական հաշվին' Հովիկ Աբրահամյանից անգամ մի գրչի ակնկալիք չունենալով:
Ըստ մեր աղբյուրների, նախկին քաղաքապետը հայտարարել է, որ ինքը չի ենթարկվելու ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին, որին, ի դեպ, նա մականուն է կնքել. դիմում է Միկոյան ազգանունով՝ անգամ լրագրողների ներկայությամբ: Ընդհակառակը Ղուկասյանն իր շտաբով մրցակցելու է ՀՀԿ կենտրոնական շտաբի հետ' Սերժ Սարգսյանին ցույց տալու համար, թե ո՞վ է Գյումրու ամենակարող տղամարդը:
Գյումրու նախկին քաղաքապետը համառորեն ուզում է վերադառնալ կամ իր պաշտոնին, կամ էլ կարգվել Շիրակի մարզպետ' Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին իր տեղը ցույց տալու համար: Որքանո՞վ է իրական Վարդան Ղուկասյանի այս մտադրությունը, ՀՀԿ գրասենյակներից հետաքրքրվեցինք մենք: Գյումրի 1, Գյումրի 2 և Գյումրի 3 մասերի բաժանված ՀՀԿ գրասենյակներից չհերքելով Գյումրու նախկին քաղաքապետի այս մտադրությունը' տեղեկացրեցին, որ շտաբների կազմավորումներն արդեն ավարտված են, հարցը փակված է: Այնպես որ, պարոն Ղուկասյանի պլանները ուշացած են, քանի որ Գյումրու բոլոր շտաբների բացումը համաձայնեցված է Երևանի կենտրոնական շտաբի հետ:
Մենք, ի դեպ, հասցե առ հասցե ճշտեցինք, թե որտե՞ղ են ՀՀԿ գրասենյակները, Վարդան Ղուկասյանի շտաբը այդպես էլ աչքներիս չընկավ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ