Գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ անազատության մեջ և նրա առողջական վիճակի կայունացման վերաբերյալ հուսադրող որևէ նորություն չկա: Չնայած այն հանգամանքին, որ Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները (ողնաշարի դեգեներատիվ ախտահարում, սրտային անբավարարություն, թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ) ընկնում են կառավարության 825-Ն որոշման տակ և գեներալին կալանքի տակ պահելը ոչ միայն հակասում է այդ որոշմանը, այլև կարող է հանգեցնել ամենաանցանկալի հետևանքների` դատարանը համառորեն մերժում է Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդությունը։ Ինչու՞ հնարավորություն չի տրվում Մանվել Գրիգորյանին բուժվել, որպեսզի նա կանգնի արդարադատության առաջ, և եթե դատարանը ապացուցված կհամարի նրա մեղքը, ապա արժանի պատիժ կրի իր կատարածի համար։ Նոր իշխանությունների օրոք դատարանները ազատ արձակեցին Սաշիկ Սարգսյանին, ավելին՝ նրան հնարավորություն տվեցին մեկնել արտասահման, որտեղ նա պետք է բուժում ստանար։ Այս դեպքում հետաքրքիր է, թե ինչու են իշխանությունները հրաժարվում թույլ տալ  բուժվել Մանվել Գրիգորյանին։ Ինչո՞վ է վտանգավոր Գրիգորյանը կամ ինչպե՞ս նա կարող է ազդել քննության ընթացքի վրա, պարզ չէ, հատկապես երբ մեկ տարվա ընթացքում քննչական մարմինները Գրիգորյանի գործողություններում առկա հանցակազմը նույնիսկ հստակ չեն մատնանշել: Անզեն աչքով էլ հասկանալի է, որ Գրիգորյանի առողջական վիճակը օրհասական է, ի տարբերություն օրինակ՝ նույն Սաշիկ Սարգսյանի, ով ինքնուրույն հատեց ՀՀ սահմանը. Գրիգորյանի առողջական վիճակը չի ներում անգամ դատարան ներկայանալ:
 
Այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ օրվա իշխանությունները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ անձնական վրեժխնդրություն: Այս դատավարության ողջ ընթացքում «կարմիր թելի» պես անցնում է՝ ամեն գնով Գրիգորյանին պատժելու ցանկությունը: Նման վենդետայի պատճառը հասկանալու համար պետք է հետ հայացք գցել 2008-ի ներքաղաքական իրադարձություններին: Այդ ժամանակ հետընտրական գործընթացների կիզակետում գտնվող ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր թիմակիցները ցանկանում էին, որպեսզի Գրիգորյանը և Երկրապահը հրապարակային հայտարարության մակարդակում սատարեն իրենց: Այս սցենարն ամբողջովին տեղավորվում էր Տեր-Պետրոսյանի` իշխանության ռեսուրսները փոշիացնելու մարտավարության մեջ: Ստեղծված իրավիճակում Մանվել Գրիգորյանը  կայացրեց թերևս ամենախելամիտ որոշումը, ինչի շնորհիվ Հայաստանը զերծ պահեց ավելի մեծ արյունահեղությունից. նա այդպես էլ չեկավ հրապարակ: Տեր-Պետրոսյանի թիմում դա համարեցին դավաճանություն: Տարիներ անց Մանվել Գրիգորյանը նշել էր, որ Երևանը Ֆիզուլին կամ Աղդամը չէր, որ ինքը միջամտեր ներքաղաքական զարգացումներին: Այնուամենայնիվ, 2008-ին առաջին նախագահի թիմակից, այսօր արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կարծես թե չի ներել Գրիգորյանին այդ «դավաճանությունը»: 
 
Եթե դա այդպես չէ, եթե այս քրեական գործի հիմքում առաջին նախագահի շրջապատի կողմից Գրիգորյանին ամեն գնով պատժելու, նրան բանտում հնարավորինս երկար պահելու և դրանով իսկ «սպանելու» ցանկությունը չէ, ապա գեներալը  արդեն իսկ անհապաղ ազատ արձակված կլիներ՝ բուժում ստանալու նպատակով: Ավելորդ է անգամ նշել, որ իշխանությունների նման վարքագծի հետևանքով Հայաստանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակը հայտնվում է լուրջ կասկածի տակ…