Մենք համարում ենք, որ Վերաքննիչ դատարանն օրինաչափ որոշում է կայացրել։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Դատական նիստում պարզ եղան թույլ տրված ապօրինությունները, քննիչի փնթի աշխատանքը, որը պետք է վերահսկեին դատախազները և նաև դատախազների փնթի վերահսկողությունը։ Խախտումները շատ են եղել, բացարձակապես անհիմն կալանք է դրվել նաև իմ ու եղբորս հաշիվների վրա, երբ բողոքարկեցինք դատախազին, իմ մասով հանեցին, իսկ եղբորս մասով ոչ։ Սակայն միայն 4-5 ամիս իմ հաշիվներն ու գույքն է եղել կալանքի տակ բացարձակ ապօրինի հիմքով։ Հիմնավորումն այն էր, որ այն ինչ–որ մենք ունենք, դա մերը չէ, այլ Ռոբերտ Քոչարյանինն է, դրա համար դնում ենք, բայց մենք տեսանք, որ այն ինչ արվել է Ռոբերտ Քոչարյանի գույքի հետ, ապօրինի է»,–ասաց նա։
Հարցին, թե ներկայումս ֆինանսական խնդիրներ ունե՞ն, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Մենք ֆինանսական խնդիրներ չունենք, հայրս պարզապես ասաց, որ կցանկանար իր միջոցներով իրականացնել իր պաշտպանությունը»։
Դիտարկմանը, թե ի՞նչ միջոցներով են վճարում դատական ծասերը, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ չգիտի։