Հայտնի ամերիկացի դերասանուհի Քեթրին Մաքֆին հայտարարել է International Animal Rescue կազմակերպության հետ համատեղ իրականացվող հանգանակության մասին, որի ժամանակ հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանի գորշ արջերին փրկելու համար:
«Ես գումար եմ հավաքում՝ օգնելու համար Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությանը (International Animal Rescue) 50 արջերի փրկելու հարցում: Մենք ցանկանում ենք Հայաստանում գտնվող այդ գեղեցիկ գորշ արջերին ազատել տառապանքներից: Ներկա պահին նրանք գտնվում են փակի տակ, քաղցում են և մեր օգնության կարիքն ունեն»,- գրել է դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում:
Դերասանուհին դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով աջակցել ցանկացած չափի գումարով:
Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (International Animal Rescue) մայիսին առցանց խնդրագիր է կազմել՝ երևանյան ռեստորաններից մեկի սեփականատերերին կոչ անելով հրաժարվել կենդանիների հետ դաժան վերաբերմունք ցուցաբերելուց:
Հիշեցնենք, որ դերասանուհին մեկ ամիս առաջ պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի հետ պսակադրվել է Լոնդոնի հայկական եկեղեցում: