Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Այս մասին «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ի պատասխան այն հարցին, թե «արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, եւ դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում», նախկին նախագահը նշել է, որ մեկ տարվա հետապնդումների ընթացքում իր իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ:
««Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ: Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը եւ իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը' ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները եւ հնչեցրած արժեքներն իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Դա չափազանց կարեւոր է հասարակության մտածող մասի համար, եւ իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյան։
Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ ՀՀ իշխանությունը չի կարողանա երկար դիմանալ և վերընտրվելու հեռանկար չունի։ Նա համոզված է, որ ցանկացած դեպքում իշխանության հարցը լուծվելու է փողոցում' արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
«Կառավարման նման որակով այս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկար չունի։ Միևնույն ժամանակ ընտրողն արդեն մինչև կոկորդը կուշտ է լինելու պոպուլիստներից և ավելի ուշադիր կլինի իր ընտրության հարցում»,–ասել է նա։
Ի պատասխան այն հարցին, որ վրացական տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական գործոնի դերը մեծացել է եւ ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում բարդությունները նոր որակի մարտահրավերներ են պարունակում Հայաստանի ու Արցախի ապագայի համար, եւ մեր երկիրը պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ մենք վերջնականապես կարող ենք կորցնել զարգացման հնարավորությունը, նախկին նախագահը նշել է, որ պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք' ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար:
«Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարեւանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու: Մենք սեղմված ենք 4 երկրի միջեւ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Իրանն ԱՄՆ-ի սեւ ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիվորեն ձգտում է դեպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրորեն կտրված ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն' կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից: Չորս հարեւանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաներին: Մեր տարածքը մեծ չէ, եւ նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա եւ մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված' տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ եւ երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը: Սա երկրի առջեւ ծառացած մարտահրավերների' դեռեւս ոչ ամբողջական ցուցակն է:
Հնարավո՞ր է լուծել դրանք' հենվելով պոպուլիզմի եւ կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ' ոչ․ դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, եւ պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջեւ ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: