Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգն անդրադարձել է Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութին՝ հայ ժողովրդի զավակներին կոչ անելով հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ ու վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները:
«Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ»,- նշված է «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի էջի գրառման մեջ:
Ըստ աղբյուրի՝ Վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ:
Մայր Աթոռը հայ ժողովրդի զավակներին կոչ է արել հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։