«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Արցախի տարածքում ռոումինգի և ինտերնետ ծառայությունների սակագների որոշակի նվազեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.
«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի տարածքում ռոումինգի և ինտերնետ ծառայությունների սակագների որոշակի նվազեցման վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ դրանք որոշակի պարբերականությամբ շարունակելու են նվազել՝ նպատակ ունենալով ի վերջո հաստատել միասնական համակարգ։ Այս քայլը գնահատելով որպես առաջընթաց՝ այդուհանդերձ արձանագրում ենք, որ նման մասնակի և զգուշավոր մոտեցումը խիստ անբավարար է և չի կարող ընդունելի լինել քաղաքական, սոցիալ-տնտեսական և ներազգային-բարոյական նկատառումներով։ Տարիներ ի վեր օպերատոր ընկերությունները բառիս բուն իմաստով կեղեքում են մեր ժողովրդին, չեն ուզում զսպել իրենց ագահ ախորժակը, չեն ուզում ձեռքը հանել Արցախում բնակվող մեր հայրենակիցների և, հատկապես՝ այնտեղ ծառայող մեր զինվորների ու նրանց հարազատների գրպաններից։ Ի դեպ՝ նշված սոցիալական խմբերի գերակշիռ մեծամասնությունն անապահով է, ուստի ոչ միայն իրավական ու բարոյական, այլև սոցիալական առումներով իրավունք ունի իր միասնական պետության տարածքում հավասար պայմաններով օգտվելու հեռախոսային և ինտերնետային ծառայություններից։ Արցախը հետնախորշ կամ գորշ զոնա չէ։ Ընդհակառակը՝ Արցախը պետք է առաջիկայում դառնա արտոնյալ վարչատնտեսական գոտի, որտեղ նաեւ նշված ծառայությունները պետք է մատուցվեն զեղչային տրամաբանությամբ»։