Հայաստանից թոշակառու տիկնոջ պատվիրած, Երուսաղեմում պատրաստված ու մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ գերեզմանի վրա հայ հոգևորականի օրհնած 300 փայտյա խաչեր հասել են Երևան, դրանցից մոտ 270-ն արդեն ուղարկվել են Արցախ ու բաժանվել մեր հայրենիքը պաշտպանող զինվորներին:
Այս հրաշալի նախաձեռնության հեղինակը Հայաստանի Հանրապետության բնակչուհի, մասնագիտությամբ ինժեներ-նախագծող, Արցախյան շարժմանը մասնակցած, Արցախյան առաջին պատերազմի տարիներին Պաշտպանության կոմիտեում, շտաբում մեր սիրելի Կամանդոսի հետ միասին աշխատած, մոտ 15 տարի լրագրությամբ զբաղված, այժմ 80-ամյա թոշակառու Լաուրա Բարսեղյանն է:

 

 

Ավելի քան 10 տարի արդեն ծանոթ եմ տիկին Լաուրային, չնայած տարիքին, նա միշտ ակտիվ է եղել հասարակական կարևորություն ունեցող գրեթե բոլոր հարցերում, եղել է մեր երկրի իսկական քաղաքացին, ումից առաջին հերթին պահանջվում է անտարբեր չլինել: Չի կարողացել անտարբեր լինել նաև Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:

 

 

1993թ. իր արձակուրդի ընթացքում դիմել է Արցախում գտնվող իր ծանոթին' Դրմբոնի դաշտային հոսպիտալի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանին, 20 օրով գնացել նրա մոտ, վիրակապել վիրավորներին, հետո արյունից, ծանր տեսարաններից վատ զգալով ու չկարողանալով այդ գործն անել, անցել է խոհանոց, ճաշ եփել, ամաններ լվացել: Զինվորների, բուժանձնակազմի հագուստներն էլ է լվացել, այդպես իր համեստ լուման ներդնել մեր համաժողովրդական պայքարի մեջ: Լաուրա Բարսեղյանը մինչև հիմա մղկտում է 90-ականների պատերազմի ժամանակ իր մտերիմ, սիրելի մարդկանց կորստով:

 

 

Տիկին Լաուրային խնդրեցի պատմել, թե ինչպես ծնվեց Արցախում ծառայող զինվորներին խաչ բաժանելու իր նախաձեռնությունը:
«Ապրիլի սկզբներին մի օր հեռուստատեսությամբ տեսա, որ Եղնիկներից մի սարկավագ ծառերի ճյուղերից սարքել էր մատուռ, որտեղ մեր զինվորները, երբ կռվի մեջ չէին, ազատ ժամանակ ունեին, գնում էին մոմ վառում, աղոթք անում,- ասաց Լաուրա Բարսեղյանը: «Ու մտածեցի' ինչո՞ւ եմ հանգիստ նստել, մենք' հայ կանայք, ինչո՞ւ ենք հանգիստ նստել: Չէ՞ որ մեր Հիսուս Քրիստոսի սուրբ խաչը փրկության խաչն է: Միտք հղացավ մեր զինվորներին օրհնված խաչ հասցնել, նրանց, ովքեր չունեն:
Գումար հայթայթեցի, Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուց ուխտագնացություն էին կազմակերպել Երուսաղեմ, գումարը տվեցի, խնդրեցի, վերադարձին ինձ բերեցին Հիսուսի շիրիմի վրա օրհնված 300 հատ խաչ: Այդ խաչերից մոտ 270-ն արդեն ուղարկել եմ Եղնիկներ, Մարտունի-3, Մարտակերտ և այլ տեղեր, այնտեղ ծառայող մեր զինվորներին, ովքեր խաչ չունեն: Ուղարկել եմ նաև Արթուր սարկավագի միջոցով, այն սարկավագի, որը մատուռն էր պատրաստել, որը տեսնելով, իմ մոտ ծնվեց այդ միտքը:

 

 

Այս 300 խաչը քանակությամբ, իհարկե, շատ քիչ է, ուզում եմ ավելին պատվիրել, ստանալ ու բաժանել հայրենիքը պաշտպանող, բայց խաչ չունեցող մեր բոլոր զինվորներին ու սպաներին, նաև հոսպիտալներում բուժվող մեր զինծառայողներին, բայց դե, հասկանալի է, միջոցներս թույլ չեն տալիս: Ես խնդրում եմ մեր մեծահարուստներին, նաև հայ կանանց, որ միջոցներ հատկացնեն, պատվիրեն խաչեր, խնդրեն, որ մեր հոգևորականներն օրհնեն այդ խաչերը, և այդ պահպանիչ, փրկող խաչերն ուղարկեն մեր զինվորներին:

 

 

Հավատացած եմ, որ մեր մեծահարուստները չեն անտեսի խնդրանքս, մանավանդ, որ մեծ գումարներ պետք չեն: Չեմ պատկերացնում, որ, օրինակ, լուսահոգի Հրանտ Վարդանյանի որդին' հարգարժան Կարեն Վարդանյանը, որը բավական գումար է հատկացրել բազմազավակ ընտանիքներին, անտարբեր կլինի այս նախաձեռնության նկատմամբ: Համոզված եմ, որ կբերի իր մասնակցությունը, Վարդանյանների ընտանիքը հավատացյալ է, Մասիս քաղաքում եկեղեցի են հիմնադրել: Մեր բանակին և՛ զենք է պետք, և՛ խաչ: Գուցե այդ եկեղեցում հոգևոր սպասավորություն իրականացնող քահանաները կկապվեն Երուսաղեմի հետ, կպատվիրեն խաչերը, կգնան, այնտեղից կբերեն կամ բերել կտան: Ինձ նման մեկ-երկու հոգով այս հարցը չի լուծվի, ծառայության մեջ գտնվող մեր տղաները շատ են, և ամեն մի կյանքը մեզ համար թանկ է:

 

 

Ես ուզում են նաև կոչ անել մեր մայրերին' իրենց երեխաներին անկնունք չուղարկեն բանակ, մինչ զորակոչն անպայման կազմակերպեն երեխաների մկրտությունը, եթե անգամ ոսկյա խաչ չեն կարող գնել, Վերնիսաժից մի փայտյա խաչ գնեն, տանեն, եկեղեցում օրհնեն այդ խաչը, կախեն երեխայի պարանոցից, նոր ուղարկեն բանակ: Խաչը մեր պահապանն է: Ես հավատացյալ կին եմ, ծանր տեղերից եմ դուրս եկել, դուրս եմ եկել, որովհետև Տեր Աստված ունեմ»:

 

 

Տիկին Լաուրայի այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար իսկապես մեծ գումար պետք չէ, մեր ցանկացած մեծահարուստ գործարար կարող է այդ գումարը հատկացնել: Բավական է ասել, որ մեր զրուցակցի պատվիրած յուրաքանչյուր խաչի գինը 80 դրամից քիչ ավելին է եղել, այսինքն, օրինակ, 30 000 զինվորի խաչ հասցնելու համար ընդամենը երկուսուկես միլիոն դրամ է անհրաժեշտ:
Մեր զրույցի վերջում տիկին Լաուրայից լուսանկար եմ խնդրում' հրապարակումը նրա լուսանկարով ուղեկցելու համար: Ասում է' ես լուսանկար չունեմ, լուսանկարվել չեմ սիրում, տանը եղածը 30 տարվա, ջահել, սիրուն ժամանակներիս լուսանկար է, ապա կատակում է' բա որ մեկը սիրահարվի ինձ… Եվ առաջարկում է' խաչի լուսանկար հրապարակեք:

 

 

Արթուր Հովհաննիսյան