ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել վարույթով տուժողի և Էջմիածին քաղաքի 40-ամյա բնակիչ հանդիսացող անձի միջև։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դրանից հետո, պարզաբանումների համար, վերջինիս հրավերով, տուժողը 2024թ․ հունվարի 16-ին, ժամը 14,00-ի սահմաններում, գնացել է Էջմիածին քաղաքում գործող սուպերմարկետի պահեստային հատված, որտեղ 40-ամյա տղամարդը, ինքնությունը պարզված երկու և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ միասին, ձեռքերով, ոտքերով, նաև՝ մահակի գործադրմամբ հարվածներ են հասցրել վարույթով տուժողի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ դեմքին՝ վերջինիս պատճառելով ծանր վնասվածներ։

Մենք տեղեկացանք, որ նշված արարքները կատարելու համար Էջմիածին քաղաքի վերոնշյալ բնակչին և նրա հետ հարվածներ հասցրած՝ ինքնությունը պարզված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մեկ ուրիշին մարմնական ծանր վնասվածք պատճառելը)։

«Միջնորդություններ են ներկաայցվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը նշված երեք անձանցից 1-ի մասով բավարարել է միջնորդությունը և նա կալանավորվել է, իսկ մյուս երկուսի, այդ թվում՝ Էջմիածնի նշված բնակչի մասով՝ բավարարել է մասնակի՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով գրավը, վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը»,- հաղորդեցին Քննչական կոմիտեից։