Քանի որ 2019 թվականի ամառային զորակոչը, որը զորացրվելու է ամռանը, մնացել է 3 ամսից պակաս, ճիշտ ենք համարում հենց հիմա էլ զորացրել նրանց, իսկ մյուս երկու զորակոչերի մասով գոնե 6 ամսով կրճատում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը՝ Հրայր Կարապետյանը՝ հավելելով, որ խոսքը այն տղաների մասին է, որոնք պատերազմ են անցել եւ կրել են հետպատերազմյան ծանր բեռը:
Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց այսօր հրավիրել է հանդիպման, սպասում են, որ իրենց կանչեն:
«Իսկ մենք հիմա տեսնում ենք հակառակ վերաբերմունք. ՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսեւորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ: Հենց հիմա տարբեր զորամասերից երեխեքին հավաքել ու տանում են, չեն ասում, թե ուր: Այն երեխեքին, որոնք պատերազմ են անցել եւ տանում են էն մարդիկ, որոնք փախել են պատերազմից: Այս պահին ծնողները բոլորը զորամասերում են, որ հասկանան, թե իրենց երեխեքի հետ ինչ է կատարվում: Էդ երեխեքը պատերազմ են անցել ու հիմա էլ չեն տրտնջում: Եկեք հաշվի առնենք, որ դա 18-20 տարեկանների հայրենիքը չի, դա այստեղ բոլոր հավաքվածների հայրենիքն է»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ով պետք է փոխարինի ժամկետային զինծառայողներին, ծնողը պատասխանեց. «Դա պետք է որոշի ՊՆ-ն: Այսօր վարչապետի հետ հանդիպումից ակնկալում եմ, որ դրական արդյունք ունենալու ենք: Վարչապետի վերաբերմունքը միշտ եղել է կառուցողական, ուղղակի այն գերատեսչությունները, որոնք պետք է տան իրենց համաձայնությունը, զլանում են: Երեւի մտածում են՝ էդ երեխեքը շատ բան ունեն ասելու, չեն ուզում դա լսվի: Կամ մտածում են՝ դե ձրի ծառայում են, թող ծառայեն: Վարչապետը միշտ ասել է, որ մեր բոլոր պահանջներն արդար է համարում: Իսկ ՊՆ-ն խորը ու հանգիստ քնի մեջ է»: