Օգոստոսի 7-ին BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով «Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը»:

 

BBC-ի հոդվածագիրն իր տրամադրության տակ հայտնված քննչական բացառիկ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ, սակայն Սամվել Կարապետյանը, անդրադառնալով հրապարակմանը, հայտնել էր` նման բան չի եղել:

Armlur.am-ը, հաշվի առնելով Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված աղմուկը, ինչպես նաև հանրության շրջանում առաջացած հետաքրքրությունը, հրապարակել է Մարտի 1-ի քրեական գործով վկայի կարգավիճակով ՀՔԾ հրավիրված և ցուցմունք տված Սամվել Կարապետյանի հարցաքնությունն ամբողջությամբ:

Ցուցմունքում Սամվել Կարապետյանը նշում է, որ փոտրվարի 22-ին ԼՂ ՊԲ բանակի հրամանատար Մովսես Հակոբյանից տեղեկացել է, որ հաջորդ օրը ՀՀ նախագահի նստավայրում պետք է մասնակցի խորհրդակցության և եկել է Երևան: Նա հայտնում է, որ 0038 հրամանի մասին իմացել է այն օրը, երբ հրամանը տրվել է և հրամանի բովանդակությանը առանձնապես ծանոթ չէ:

 

Սամվել Կարապետյանը նաև ասել է, որ այդ օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ չի հանդիպել, պարզապես նրան տեսել է կառավարության շենքում

Նա ասել է, որ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից կառավարության շենք գնալիս իրենց ուղեկցել են ռազմական ոստիկանության ծառայողները: Այն հարցին, թե ինչու է դիպուկահարներին բերել Երևան, պատասխանել է, որ հանձնարարություն է եղել բերել Երևան և ինքը բերել է, սակայն կոնրետ հանձնարարական չի եղել:

Սամվել Կարապետյանը, անդրադառնալով այն տեղեկությանը թե այդ օրերին զինծառայողներին 25 000-30 հազարական դրամ է բաժանվել, ասել է, որ ինքը միայն 10 հազար դրամ է բաժանել զորքին հիգիենայի պարագաներ գնելու համար:

 

Օգանովսկին նաև ասել է, որ երբ իրենք եկել են Երևան, ԼՂՀ պաշտպանության դիրքերում լարվածություն չի եղել, այլ հետո է առաջացել: Նա շեշտել է, որ ցուցարարների հետ որևէ շփում չի ունեցել և հետո է տեղեկացել, որ ոստիկանությունը գիշերը Ազատության հրապարակում միջոցառումներ է իրականացրել:

Հարցին, որ քննության ստացված տեղեկությունների համաձայն` ինքը Արցախից Երևան ժամանած զորամիավորումից առանձնացրել է առավել կայուն հոգեբանություն ունեցող 60 հոգու և նրանց ասել, որ հարկ եղած դեպքում հրաման է տրվելու կրակել ժողովրդի ուղղությամբ, իսկ նրանցից պատրաստակամություն է հայտնել 30 հոգի, որոնց մեջ ընդգրկված են եղել Արամ Սարգսյանը, «Ցուլ Նվերիկը», «Սպեցնազի Գագոն» և «Հաքիմ» անունով մարդիկ, պատասխանել է.

«Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են. «Հաքիմը» և «Ցուլ Նվերիկը», չգիտեմ` ովքեր են, իսկ «Սպեցնազի Գագոն» ԱԱԾ-ի ծառայող է եղել, մեզ հետ ոչ մի կապ չի ունեցել»:

 

Օգանովսկին նաև հերքել է այն տեղեկությունը, թե այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը «հատուկ» խմբի ներկայացուցիչներին այցելել են նկուղում և նրանց հատկացվել են նախկինում չօգտագործված «ԱԿՄԱ» տեսակի ինքնաձիգներ: Նա ասել է, որ զինծառայողները եղել են իրենց ի սկզբանե հատկացված զենքերով:

Անդարդառնալով Ռոբերտ Քոչորյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին հրավիրված խորհրդակցությանը, որի ժամանակ իբրև Քոչարյանը հայտնել է արտակարգ դրություն սահմանելու մասին, Սամվել Կարապետյանը ասել է, որ Քոչարյանի կողմից խորհրդակցություն հրավիրելու նպատակը այն է եղել, որ իրենք զգոն լինեն:

Օգանովսկին ասել է, որ Ռ. Քոչարյանը այդ օրը շատ զայրացած էր պաշտպանության նախարարի վրա, քանի որ նա տեղյակ չէր, թե այդ օրերին ինչով էր զբաղվում իր տեղակալ  Մանվել Գրիգորյանը:

 

Ներկայացնում ենք ցուցմունքն ամբողջությամբ.