«Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ցուցմունք է տվել հանցագործության իրականացման ժամանակ Ստամբուլի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էրգուն Գյունգյորը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Հարցաքննությունը տևել է երկու ժամ, սակայն դրա բովանդակության մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել:
Այն բանից հետո, ինչ 2004 թվականին «Ակոս»-ում հրատարակվել էր հոդված Թուրքիայի առաջին ռազմական կին օդաչու և Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի' հայկական ծագում ունենալու վերաբերյալ, Ստամբուլի նախկին փոխքաղաքապետ Գյունգորը Հրանտ Դինքին կանչել էր իր մոտ: Հանդիպման ժամանակ նա սպառնացել էր Դինքին' նշելով որ կարող է դառնալ թիրախ ազգայնականների համար, և ինչպես հանդիպումից հետո բնորոշել էր հենց ինքը' Դինքը, «փորձել էր ցույց տալ իր տեղը»:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակերպության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում &laqu o;ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:
Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: