ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն՝ օգոստոսի 15-ին անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի տրման և պատսպարման միջոցառումների կազմակերպման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնական հարցերն ընդգրկում էին Հանձնաժողովի փոխադրումը պատրաստականության նոր աստիճանի և փոփոխված օրակարգով աշխատակարգի, անհրաժեշտ հաշվարկների իրականացումը և շահագրգիռ կառույցների հետ համագործակցության կազմակերպումը, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման աշխատանքների կարգավորման գործընթացի և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը:
Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով ավերածություններ են առաջացել հանձնաժողովի վարչական շենքում, ինչի հետևանքով անհրաժեշտ է իրականացնել աշխատակիցների պատսպարում և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ:
Ուսումնավարժության նպատակն է բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման արդյունավետությունը, ինչպես նաև կատարելագործել կազմավորումների ներդաշնակ աշխատանքները ռազմական դրության ժամանակ:
Ուսումնավարժության ընթացքում իրականացվել է ազդարարում, նախատեսված տարածքում աշխատակիցների պատսպարում, առաջիկա խնդիրների և նոր աշխատակարգի անցման ճշգրտում, ինչպես նաև հետախուզական միջոցառումների իրականացում:
Քննարկվել են ՔՊ կազմավորումներին գույքով և սարքավորումներով ապահովելու, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ոլորտում հանձնաժողովի իրավասություններին վերաբերող խնդիրներ, ջրամատակարար կազմակերպության կողմից իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկի՝ հանձնաժողովի հետ համաձայնեցման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ոլորտներում սպառողների սպասարկման որակի, բաշխման ցանցերի հուսալիության ցուցանիշներին առնչվող հարցեր: