Tert.am. ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է

Մի քանի տասնյակ մարդ բողոքի ցույցի են դուրս եկել Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ գազի սակագինը թանկացնելու վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ընկերության մտադրության:

Ներկա են շարքային քաղաքացիներ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը, «Բարև Երևան» դաշինքից Գագիկ Բաղդասարյանը, «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, բնապահպան ակտիվիստներ:

Կառավարության դիմաց, ուր քիչ հետո տեղի կունենա նորանշանակ կաբինետի նիստը, ցուցարարները պարզել են «Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «ՀայՌուսգազարդ+ ՀՀԿ=գենոցիդ», «Գազը թանկացնեք, հարկերը չենք մուծելու», «Մենք մեր ատոմակայանի հոսանքն ենք ուզում», «Գազի գնի բարձրացումը կդառնա վարչախմբի տապալման սկիզբը» և բովանդակությամբ գրություններ։

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդը» դիմել էր Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ առաջարկելով գազի գործող սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի, այսինքն՝ առաջարկն ընդունվելու դեպքում գազը կթանկանա մոտ 67 տոկոսով' 1000 խորանարդ մետրի դիմաց:

Բողոքի ցույցին ներկա է նաև «ՀՀԿ-ական տատիկը», որն իրարանցում է սարքել. սովորության համաձայն գոռգոռում է՝ «ապահով Հայաստան», հարձակվում ցուցարարների վրա, սակայն որոշ ժամանակ անց նրան ոստիկանները հեռացրեցին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ հավաքն ինքնաբուխ է:

Հիշեցնենք, որ Facebook սոցցանցում ստեղծված «Եկե՛ք կանխենք գազի թանկացումը, միացե՛ք հայեր» խորագրով նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում մայիսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ին, հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ և բողոքել գազի գինը բարձրացնելու «ՀայՌուսգազարդ» ընկերությունը մտադրության դեմ։

11.01

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը նամակ փոխանցեց Կառավարության նամակների ու դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին, ով վերցրեց այն, խոստացավ ծանոթանալ բովանդակությանը և հեռացավ:

Քաղաքացիները տեղում կազմակերպել են ստորագրահավաք՝ գազի թանկացման դեմ:

Նշենք, որ այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել նաև «Տոնուս քոնսթրաքշն» ընկերությունից տուժած ՀՀ քաղաքացիներ, որոնք պնդում են, որ շինարարական ընկերությանը գումարներ են տվել բնակարաններ ձեռք բերելու դիմաց՝ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կառուցվող շենքում բնակարանների համար, սակայն պարզվում է, որ իրենց բնակարանները գրավադրված են «Արցախբանկում»: