ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տրակի քաղաքում արջը մտել է մի տուն և վախեցրել երկու դեռահասների: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Inside Edition տեղեկատվական կայքը:
Տեսախցիկի արձանագրած կադրերում երևում է, որ արջը գնում է խոհանոց, բացում է սառնարանը, հոտոտում այն և վերցնում մի քանի կտոր միս, երկու դույլ պաղպաղակ և կրեկեր, այնուհետև մտնում է հյուրասենյակ և այնտեղ «խնջույք անում»: Այս պահին հարևան սենյակում երկու դեռահասներ են գտնվել, որոնց ուշադրությունը գրավել է աղմուկը:
Նրանք անմիջապես վազել են և փակել սենյակի դուռը, տանտիրոջ տղան զանգել է վերևի հարկում քնած մորը, վերջինս էլ՝ 911 ծառայությանը։ Մի քանի րոպե անց փրկարարները տեղում են եղել։ Նրանք քնեցնող փամփուշտներով զենքի միջոցով կարողացել են հեռացնել արջին։