Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը առաջին հայացքից քաղաքական լուրջ վերադասավորումների տանող ճանապարհ է բացում՝ իշխանական թիմում հանքի շահագործման թույլատրել-չթույլատրելու հարցը տեսակետների լուրջ բախման է հանգեցրել: Իմքայլականների մի մասը կողմ է, մյուսը՝ դեմ, և նույնիսկ չի էլ թաքցնում իր դիրքորոշումը:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերից հետո, երբ փաստացի վերջինս հայտարարեց, որ հանքի շահագործումը արգելելու հիմքեր չկան, իշխանական, այսպես կոչված, սորոսական թևը սկսեց բացահայտ մեսիջներ հղել Փաշինյանին, որ տվյալ իրավիճակում հնարավոր են վարչապետի համար անցանկալի զարգացումներ, այդ թվում՝ խորհրդարանում առանձին՝ կանաչների ֆրակցիայի ձևավորում: Կլինի այդ առանձնացումը կանաչների տեսքով թե ոչ, այնքան էլ էական չէ, կարևորը ակնարկն է, ընդ որում, Փաշինյանի որոշմանն ընդդիմացող իմքայլականների թիվը ժամ առ ժամ աճում է, ներթիմային «հրաձգությունն» էլ սաստկանում: Առաջին հայացքից ստեղծվում է տպավորություն, որ Նոր Հայաստանում ժողովրդավարության հերթական հաղթանակն է արձանագրվում, երբ, օրինակ՝ խորհրդարանի փոխխոսնակը կարող է հակադրվել իր թիմի լիդերին:

 

Արդյո՞ք իմքայլականները ինքնուրույն են գնում այս քայլին, թե՞ ի վերջո սա Փաշինյանի նախաձեռնած բազմաքայլ կոմիբինացիան է, որի նպատակը սեփական ընդդիմություն ունենալն է, ընդ որում, ընդդիմություն, որը դուրս կգա հենց իշխանության ներսից և կլինի վերահսկելի: Իրականում Փաշինյանի առջև շատ սուր կանգնած է ընդդիմություն ունենալու խնդիրը, բանն այն է, որ Լուսավոր Հայաստանը չի կարող լինել այդ դերում՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, այդ թվում Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի հետ կապը: Ինչ վերաբերվում է Բարգավաճ Հայաստանին, ապա ԲՀԿ-ն հաստատապես լավագույն ընդդիմությունը չէ Փաշինյանի համար, հարաբերությունները ԲՀԿ-ի հետ չեն ընթանում այն հունով, որը ձեռնտու կլինի Փաշինյանին: Հետևաբար, մնում է ընդդիմություն ձևավորել սեփական քաղաքական թիմից, որպեսզի քաղաքական խաղը բազմաբևեռ խաղի տպավորություն ստեղծի…