«911» ծառայությանն օգոստոսի 25-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված 1983 թ.) և «Mitsubishi Grandis» (վարորդ՝ Արման Ս.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև հրդեհ է բռնկվել «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ 22:18-ին: Այրվել է «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և 3 ուղևոր դուրս են բերվել տեղի ուժերով:
Արմեն Գ.-ն հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: