ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 25-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է:
2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 18:50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1976 և 1960թթ՝ համապատասխանաբար՝ որովայնի ձախ կողմնային պատի հրազենային վնասվածք/կլինիկական մահ/ և որովայնի ձախ ազդրի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի ստորին երրորդականի հրազենային վիրավորում, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի որոշմամբ՝ կազմվել է քննչական խումբ:
Քրեական գործով կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 հատ պարկուճ, 1 հատ 7.62մմ տրամաչափի կրակված պարկուճ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ՝ առանց գործարանային համարի, 1 թմբուկավոր ատրճանակի կրակված պարկուճ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 2 գնդակ, 2 ծալովի, գաղտնի փականով դանակ: Առգրավվել են նաև դեպքի վայրի հարակից տարածքում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հիշեցնենք՝ ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ՝ օգոստոսի 26-ին, Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոցում մահացել է հեղինակություն համարվող Համբարձում (Համբիկ) Առաքելյանը, ով կարճ ժամանավոր էր ժամանել և մշտական բնակություն չուներ Հայաստանում: