Այրում խոշորացված համայնքի Արճիս բնակավայրի բնակիչներն այսօր կրկին փակել էին Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը, իսկ պահանջը նույնն էր՝ լուծել խմելու ջրի խնդիրը։ Պարզվում է՝ Լոռի բերդից մինչև Բագրատաշեն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ունի խմելու ջրի ջրագիծ, որն անցնում է Արճիս համայնքի միջով, ուստի բնակիչները պահանջում են, որ Արճիս համայնքին ևս այդ ջրից հասնի։ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը փակած արճիսցիների հետ հանդիպեց նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և հայտնեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ քիչ առաջ պայմանավորվել է, աշխատանքները կսկսվեն, ջուրը կբերեն համայնք:
 
Այսինքն՝ այս պարագայում մենք ակնհայտորեն գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ «Վեոլիա Ջուր»-ը թերացել է, մինչդեռ հենց այս ընկերությունից թերանալը ամենաքիչն էր սպասելի՝ հաշվի առնելով այն քրեական գործը, որը բացված է վերջինիս դեմ: Մեկ տարի առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կաշառք է վերցրել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից` ջրի սակագինը բարձրացնելու համար: Ավելին` կաշառք տալու դիտավորությամբ դեռևս 2017 թվականին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ 8 ավիատոմս, ինչպես նաև հոգացել հյուրանոցի ծախսերը, ինչից հետո հանձնաժողովի կողմից համապատասխան որոշմամբ` խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով` 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից:
 
Այս ամենը բավական հուզիչ կլիներ, եթե իրականությունն այսքան զավեշտալի չլիներ: Գործով անցնող անձանցից մեկը՝ Գևորգ Բաղրամյանը, այսօր բազմած է ՀԾԿՀ նախագահի աթոռին: Հետաքրքիր է. ի՞նչ եղավ այդ քրեական գործը, ինչո՞ւ այն ջրվեց և ո՞ւմ էր դա իրականում ձեռնտու: Մի բան ակնհայտ է. «Վեոլիա Ջուր»-ն ինչպես և նախկինում, այսօր էլ պատշաճ ծառայություններ չի մատուցում ՀՀ բնակչությանը: Ժամանակին, երբ քրեական գործը նոր էր հարուցվել, վարչապետ Փաշինյանը դժգոհում էր «Վեոլիա Ջուր» և «Սանիթեք» ընկերությունների աշխատանքներից՝ այս երկուսին դնելով միևնույն նժարի վրա: Սակայն, չգիտես ինչու, Վեոլիայի դեպքում իշխանությունները չեն ցուցաբերում այն նույն սկզբունքայնությունը, որը դրսևորում են Սանիտեք ընկերության դեմ սկսած արշավում:
 
Մի ուշագրավ բան էլ է պարզվում՝ «Վեոլիա» ընկերության նույնատիպ հրավերով դեռևս 2007-ի ապրիլին Փարիզ է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը` որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր: Արդյո՞ք այստեղ չկա կոռուպցիոն ռիսկ: Ստացվում է՝ Ռոբերտ Նազարյանի և մյուսների պարագայում կոռուպցիոն ռիսկն ակնհայտ է եղել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ ոչ: Ինչպե՞ս է ստացվում, որ շատ կարճ ժամանակում հարուցված քրեական գործը ջրվում, քրեական գործի ֆիգուրանտ ընկերությունն էլ շարունակում է թերանալ: Ինչպես ասում են, այս ամենից ստվերային համաձայնության հոտ է գալիս…