Ավարտվել է Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ավարտվեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Հայաստան։ Ուրախ էի Հայաստանում ընդունել իմ գործընկերոջը և նրան ուղեկցող խորհրդարանի երեք փոխնախագահներին ու բոլոր ֆրակցիաների ղեկավարներին, ծանոթացնել նրանց մեր մշակույթին ու պատմությանը։
Մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցել մեր բարեփոխումներին։
Որպես այդ պատրաստակամության գործուն ապացույց՝ Շվեդիան նախորդ տարի մաս կազմեց մեր ընտրական համակարգին աջակցող միջազգային ծրագրին և այժմ մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ընդլայմանն աջակցող մեկ այլ ծրագրի։
Բացի այդ, երկու ամիս առաջ Շվեդիա կատարած իմ այցի վերջին օրը՝ հունիսի 13-ին, Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում (Swedish Reform Cooperation in Eastern Europe, Western Balkans and Turkey 2014-2020)՝ հնարավորություն բացելով Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունն ընդլայնելու համար։ Ընթացքի մեջ են մի շարք համատեղ ծրագրերի մշակման աշխատանքները։
Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության երկիր և ոգևորիչ օրինակ է մեզ համար»,- գրել է Միրզոյանը։