Օգոստոսի 27-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան, իսկ մինչ այդ կարմիր գորգով անցան հայտնի հյուրերը՝ ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, դերասաններն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները:
Ֆիլմի սցենարը հեղինակել են Անի Մաղաքյանն ու ռեժիսոր Գարրի Զաքարյանը՝ հիմքում ունենալով իրական կյանքի պատմություններ ու հերոսներ: Ֆիլմն անապահով ընտանիքում ապրող գյումրեցի տղայի մասին է, որն իր երազանքը՝ համակարգիչը, նկարում է թղթի վրա ու հասնում դրան: Հանդիսատեսը մեծ տպավորություններով ու մինչև հոգու խորքը հուզված դուրս եկավ դահլիճից: Նրանք նշում էին՝ գովելի է այն, որ ֆիլմը ոչ թե աղետից տուժած ընտանիքի դժբախտության, այլ հաղթանակի մասին է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, կիսվելով տպավորություններով, նշեց, որ իր համար առանձնահատուկ են պատմությունները, որոք կապված են Գյումրիի հետ. «Ես հերոսի մեջ տեսա իմ սերնդակից այն մարդկանց, տղաներին, որոնք կարողացել են այսօր աշխարհին զարմացնել՝ Տիգրան Համասյան, Արթուր Ալեքսանյան և այլն: Նրանք 1988 թ. երկրաշարժի սերունդն են, որոնք, իրենց երազանքն ունեցած, գնացին դրա հետևից և այսօր զարմացնում են աշխարհին: Ինչ՝ տեսա, ինձ համար զարմանլի չէր, ինքս լինելով գյումրեցի՝ ունեցել եմ այդ զգացողությունները, բոլորս նույն սոցիալական պայմաններում էինք ապրում, երկրաշարժից հետո չկային հարուստներ և աղքատներ, բոլորս ապրում էինք նույն դոմիկների մեջ: Այդ ժամանակ բոլորս ունեինք երազանք, որպեսզի օր առաջ դուրս գանք այդ վիճակից և ապացուցենք, որ արհավիրքը չկարողացավ կոտրել գյումրեցիների մեջքը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, մենք կարողացանք և հաջողեցինք: Ովքեր ընտրեն ֆիլմի հերոսի ուղին, իրենք միշտ հաջողելու են»,- ասաց փոխքաղաքապետը:
Ֆիլմը սեփական ուժերին հավատացող, նպատակասլաց ու համառ տղայի մասին է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գլխավոր հերոսին՝ Հայկին, փոքր հասակում մարմնավորող Մանվել Լոռեցյանն ասաց, որ իր կերպարը անապահով պայմաններում ապրող երեխային մասին է, որն ամեն կերպ փորձում և ի վերջո հասնում է իր երազանքին: Նրա խոսքով՝ նկարահանումների ժամանակ ծանր զգացողություններ ուներ, քանի որ կարողացել էր լիովին մտնել դերի մեջ և ապրել այդ դժվարություններով:
Մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց նաև Հովհաննես Բադոյանը, ում կյանքի պատմության հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը. «Շատ լավ էր նկարահանված, շատ հուզիչ էր: Տպավորված եմ թե՛ սցենարով, թե՛ դերասանական խաղով: Բավականին դրվագներ կային վերցված իմ կյանքից, որոնք ես ապրել եմ»,- ասաց Հովհաննեսը, ով արդեն 19 տարեկան է և ծառայում է բանակում:
Նշենք, որ 5 տարի առաջ, երբ «Շանթն» իր բարեգործական նախաձեռնության՝ Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար խելացի, բայց կարիքավոր ընտանիքում ապրող երեխաներ է փնտրել, գտել է Հովհաննեսին: «Շանթի» նկարահանումից օրեր անց բարի մարդիկ Հովհաննեսին նվիրել են իր երազած համակարգիչը, որը նկարել էր թղթի վրա: Այնուհետև Գյումրիում կառուցվել է «Թումոն», որի լավագույն սաներից է եղել Հովհաննեսը: Սրանց հաջորդել է այն, որ «Շանթն» ու բարերարներն ամեն ինչով կահավորված բնակարան են նվիրել Հովհաննեսին ու նրա մայրիկին՝ Անահիտին: Այսօր արդեն Հովհաննեսի կյանքի պատմությունը «Շանթի» մեկ այլ նախաձեռնության շնորհիվ էկրանավորվեց: Ֆիլմի շարունակությունը՝ 24 սերիաները, կցուցադրվեն սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում։