Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հայրապետյանը երեկ՝ օգոստոսի 28-ին, միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Մասիս քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Նվեր Մուրադյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դատավոր Դավիթ Բալայանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստից հետո մերժել է քննիչի միջնորդությունը եւ Ն. Մուրադյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 1-ին եւ 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, դատարանից ազատ արձակվեց։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Մուրադյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Մուրադ Մուրադյանի տղան է, որը օրերս ոստիկանության Կենտրոնական բաժնում անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հայհոյել էր։

 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։