Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

 

Մասնավորապես, գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաեւ այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաեւ խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները:

«Ոստիկանությունում ծառայության մասին» և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքների խնդրահարույց դրույթների քննությունը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերին։