«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հաջորդ տարի միջոցառման անցկացման համար ընտրել են հոլանդական Ռոտերդամ քաղաքը, հաղորդվում է մրցույթի կայքում:
«Դա Ռոտերդամ 2020-ն է: Ռոտերդամն ընտրվել է որպես 65-րդ «Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալող քաղաք՝ Հոլանդիայի հարավային Մաաստրիխտ քաղաքի հետ լարված պայքարից հետո», ասվում է կայքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Եվրատեսիլ 2020» մրցույթը չի կարող տեղի ունենալ Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում, քանի որ քաղաքում բոլոր հարմար արենաները զբաղված են: Ի սկզբանե մրցույթն անցկացնելու իրավունքի համար պայքարում էին Նիդեռլանդների այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոշը, Առնեմը և Մաաստրիխտը: Կազմակերպիչները ավելի ուշ հաղորդեցին, որ ընտրություն կկատարվի Ռոտերդամի և Մաաստրիխտի միջև:
2019-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվեց Իսրայելում: Միջազգային երգի մրցույթում հաղթանակը նվաճեց Նիդեռլանդներից Դունկան Լոուրենսը՝ քվեարկության արդյունքում վաստակելով 492 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչ Մամուդը, իսկ երրորդը՝ ռուս երգիչ Սերգեյ Լազարևը: