ՀՀ ոստիկանությունը ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով' ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Ճանապարհային ոստիկանությունը սկսել է հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրինությունների հետ: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննարկում են դպրոցների մոտակայքում կազմակերպվելիք ծառայության մանրամասներ, հորդորում աշակերտներին ու ծնողներին կոչ անել պահպանել անվտանգության կանոնները: Քննարկվում են նաև դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերը:
Հանդիպումներից զատ ճանապարհային ոստիկանությունը թարմացնում է ուսումնական հաստատությունների մոտակայքի բոլոր գծանշումները, տեղադրում ճանապարհային նշաններ, եթե դրանք բացակայում են:
Սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը մեկ ամսով կանցնի ուժեղացված ծառայության: Ուսումնական բոլոր հաստատությունների մոտ ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները, նաև դպրոցական ու անչափահասների գծով տեսուչները: