Հայաստանում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի  տնտեսության արտահանման միտվածության ապահովումը:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանը աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցը այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել , որ այդ աջակցությունը իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում , որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, և, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար: Հակառակ դեպքում, եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, կստացվի, որ մենք այնպիսի քայլեր կանենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում` մենք ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որն արդյունքում ավելի շատ վնասներ կբերի, քան օգուտներ»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է  պատճառը, որ  կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում,  որպեսզի կարողանան ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և կարողանան դրանք ճիշտ կառավարել ու արձագանքել:

 

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Փաշինյանը ասաց, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում շատ ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկը աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների շատ էական աճ  է նկատվում: Այստեղ կարևոր է , որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- եզրափակեց Փաշինյանը: