Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանյանը:
«Տեղեկությունները ճիշտ են, Իջևանի քաղաքապետն ինձ դիմում է գրել իր պաշտոնական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ասաց մարզպետը։
Նա նշեց՝ օրենքով սահմանված կարգով ներկայացվել է դիմումը:
Հարցին, թե որն է պատճառը, մարզպետը նշեց, որ չկան պատճառներ․ «Մարդը դիմում է գրել, դեռ պետք է քննարկենք»։
Հրաժարականի պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել նաև Վարդան Ղալումյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի է։
Հիշեցնենք, որ Վարդան Ղալումյանը Իջևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր դեռևս 2011 թվականից, սակայն նկատենք, որ առանձնապես մեծ հեղինակություն չուներ։ Վերջին շրջանում էլ խոսակցություններ էին պտտվում, որ Փաշինյանը մտադիր է իր ծննդավայր Իջևանի քաղաքապետ դարձնել իր ընկեր և կնքահայր Հայկ Ղալումյանին՝ նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը: Ի դեպ, վերջիններս էլ քաղաքապետի պաշտոնից արդեն ազատման դիմում ներկայացրած Վարդան Ղալումյանի հեռավոր ազգականներն են: Հայկ Ղալումյանն այժմ Հայէկոնոմբանկի մարզային մասնաճյուղի կառավարիչն է։
Նկատենք նաև, որ ամիսներ առաջ Իջևան համայնքում բողոքի զանգվածային ակցիաներ էին տեղի ունենում՝ կապված ապօրինի անտառահատումների, դրանց արգելքի հետ, և չի բացառվում, որ քաղաքապետի հրաժարականը պայմանավորված է իրադարձությունների շուրջ առաջացած աղմուկով։
Նշենք նաև, որ վերջերս Վարդան Ղալումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել:
Սոնա Հարությունյան