Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունը հեղափոխություն կոչելու համար անհրաժեշտ էր, որ հիմքում լիներ մի նշանակալի տեսություն։ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, սեփականության օրինականության հարցն է։ Հանրությունը չի ճանաչում խոշոր սեփականության լեգիտիմությունը' համարելով, որ դրանք ձեռք են բերվել ժողովրդին «թալանելու» միջոցով։ «Հեղափոխության» ժամանակ այդ գաղափարը շահարկում էին «հեղափոխականները», սակայն այդպես էլ չկարողացան խնդրի լուծումն առաջարկել հասարակությանը։ ՀՀ արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ www.e-draft.am/projects/1931, որը կարծես թե հենց այդ խնդրի լուծումն էլ առաջարկում է։
Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։ Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Նախագիծը, սակայն, արդեն իսկ հասցրել է լուրջ քննադատությունների արժանանալ: Այնպես է ստացվում, որ բոլոր նրանք, ովքեր այս օրենքի տիրույթում գտնվող պաշտոնատար անձինք են կամ եղել են այդպիսին, պիտի համարեն, որ չունեն օրինական գույք, քանի դեռ դա այս օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել:
Ըստ նախագծի՝ իրավասու մարմինը գլխավոր դատախազությունն է, և դա մի պարագայում, երբ նույն այդ դատախազությունում շարունակում են աշխատել նախորդ իշխանության մարդիկ, ովքեր, ըստ էության, վեթինգ կոչվածին չեն էլ ենթարկվելու: Այս նախագիծը ոչ այլ ինչ է, քան գործող իշխանությունների՝ կուլակաթափության հերթական փորձը, երբ նրանք հնարավորություն կունենան թիրախավորել իրենց համար անցանկալի նախկին և ներկա պաշտոնյաներին՝ սույն օրենքը օգտագործելով որպես ազդեցության լրջագույն լծակ…