Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց մանդատից հրաժարված թեկնածուների ցանկը: Այդ ցանկում բացակայում էր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունը, ինչը նշանակում է, որ նա գնալու է խորհրդարան ու պատգամավոր է աշխատելու:
Արփինե Հովհաննիսյանը հանդիսանում էր ՀՀԿ ռեբրենդինգի գլխավոր գործող անձանցից մեկը, Հանրապետականի նախընտրական ցուցակում երկրորդը՝ Կարեն Կարապետյանից հետո: Ժամանակին ակտիվորեն խոսվում էր այն մասին, որ վարչապետը չի ցանկանում Արփինե Հովհաննիսյանին ներառել իր թիմում, ինչի պատճառը պետք է փնտրել ոչ թե Արփինե Հովհաննիսյանի անձի, այլ նրա՝ նախկին վարչապետի թիմի կարկառուն ներկայացուցիչ լինելու հանգամանքի մեջ: Նոր կառավարությունում Արդարադատության նախարարությունը պետք է դառնար կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային և գործուն մեխանիզմներից մեկը, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկը:
Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում բոլորովին այլ տրամաբանություն ունի. դա ներիշխանական վերադասավորումների ու վերաբաշխումների գործընթացն ու գործիքն է, որը ոչ մի կապ չունի հակակոռուպցիոն պայքարի բովանդակության հետ: Ժամանակի ընթացքում, սակայն, Արփինե Հովհաննիսյանին հաջողվեց ձեռք բերել վարչապետի վստահությունը և դառնալ վերջինիս կաբինետի առանցքային նախարարներից մեկը: Արդարադատության նախարարն աչքի էր ընկնում ակտիվությամբ և հանդես գալիս նոր նախաձեռնություններով, թերևս դա է պատճառը, որ Արփինե Հովհաննիսյանին նախընտրեցին հեռացնել Կարեն Կարապետյանի թիմից՝ դրանով է՛լ ավելի թուլացնելով վարչապետի ազդեցությունը՝ ուժային բլոկի վրա:
Գալիք մեկ տարին մեր երկրում առանձնանալու է ներիշխանական լրջագույն վերադասավորումներով և կուլիսային պայքարով: Այս տեսանկյունից՝ գործող նախագահի համար անչափ կարևոր է ունենալ ամուր թիկունք ԱԺ-ում, քանի որ ակնհայտ է՝ ԱԺ-ն վարչապետի ազդեցության ծիրում չի լինելու, ինչը հավելյալ դժվարություններ կստեղծի Կարեն Կարապետյանի համար: Ընդհանուր առմամբ, խորհրդարանն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչև կառավարության հաջորդ հրաժարականը, այսինքն՝ մինչև 2018 թվականի ապրիլը, գտնվելու է հենց զտման ռեժիմում: 2018 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանն անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը և այն այլևս գոյություն է ունենալու որպես առավելապես խորհրդանշական ինստիտուտ, որը զբաղեցնելու է մարդ, որին կնշանակի Ազգային ժողովը:
Երեկ, երբ Արփինե Հովհաննիսյանի ԱԺ գնալը վերջնականապես հստակեցվեց, ակտիվացան քննարկումները, թե ով է լինելու Արդարադատության նոր նախարարը: Շրջանառվող անունները դեռ շատ չեն: Ամենահավանականը համարվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ներկայում նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյանը: Կոստանյանին այս պաշտոնը վստահելու մեջ ներիշխանական նպատակահարմարություն փնտրելը քաղաքական միամտություն կլինի: Կարեն Կարապետյանի տեխնոկրատ կաբինետն իրեն ակնհայտորեն չարդարացրեց, և այսօր իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է լինի նոր կառավարություն՝ հանրության կողմից ընկալված, հարգված և ոլորտում մեծ ձեռքբերումներ գրանցած գործիչների գործուղումը: Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասում են Արդարադատության նախարարություն-Ազգային ժողով համակարգում, չի բացառվում, որ այդ լուրերն իրականության հող ունենան։
Ստելլա Խաչատրյան