Մեկնարկեց «Արտ Ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով։
ԵԹԿՊԻ ռեկտոր, «Արտ Ֆեստ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանն այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց, որ տարեցտարի հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ աճում է: Փառատոնի շրջանակներում միավորում են տարբեր մշակութային բուհերում սովորող ուսանողները, ինչն էլ երիտասարդներին հնարավորություն է ընձեռնում ինքնաբացահայտվելու և ինքնադրսևորվելու:
«Մեր նպատակը սկսնակներին հնարավորություն տալն է, որևէ մեկին շնորհք նվիրել չենք կարող, բայց օգնել կարող ենք»,- հավելեց Դավիթ Մուրադյանը:
Lurer.com-ի թղթակիցն «Արտ Ֆեստի» տնօրեն Էրիկ Բարսեղյանից հետաքրքվեց՝ արդյոք փառատոնն ընդլայնվելու պոտենցիալ ունի՞, եղե՞լ են առաջարկներ' ներգրավելու նաև Սփյուռքում գտնվող մեր երիտասարդությանը, պատասխանեց. «Սփյուռքից արձագանքներ իսկապես շատ են եղել: Առաջարկ ունենք փառատոնի ձևաչափը վերափոխելու համահայկականի, քննարկման հարց է, պետք է փորձենք հասկանալ մեր պոտենցիալը»:
Մեր նույն հարցին պատասխանեց նաև ԵԹԿՊԻ ռեկտորը, ով նշեց, որ դեռ պետք է հասկանան, թե ինչպես են հասնելու դրան.
«Գուցե ժամանակի ընթացքում հասկանանք, որ փառատոնը ոտքի է կանգնել այն աստիճան, որ կարող է ունենալ նաև միջազգային ձևաչափ, բայց պետք է գտնել կապեր, հնարավորություններ: Այդքան ստեղծագործողների Հայաստան բերելու հետ կապված ծախսեր կան, ինչը հնարավոր չէ լուծել առանց աջակիցների՝ թե՛ պետական, թե՛ ոչ պետական: Միանգամից ոտքի վրա անելու բան չէ, դա պետք է թողնել հեռանկարի համար: Չպետք է մոռանանք նաև նախ ուսում, հետո փառատոն, այնպես չլինի, որ հակառակը ստացվի»,- ասաց Դավիթ Մուրադյանը:
Կազմակերպիչները տեղեկացրին նաև, որ այս տարի մասնակիցների աննախադեպ աճ կա. 350 երիտասարդ է մասնակցում, այդ թվում' մարզերից:
Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարեկան անհատներ և ստեղծագործական խմբեր: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո որոշում է մրցանակակիրներին, հանդես գալիս խորհրդատվական կարծիքով և մրցանակաբաշխության օրը հանձնում մրցանակները։