Տևական ժամանակ է՝ չեն դադարում քննարկումները, բողոքները, համաձայնություններն ու անհամաձայնությունները Ամուլսարի շահագործման հարցում։ Նույնիսկ վարչապետի պաշտոնական հայտարարությունից հետո «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարեց, որ Ամուլսարը հանք չի դառնա, ու ներկայացրեց պայքարի նոր սկզբունքները։
Սպասվող իրադարձություններից խոսեցինք բնապահպան Ինգա Զառաֆյանի հետ։
«Վարչապետի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր, որովհետև կառավարությանն այդպես էլ չհաջողվեց տեղափոխել այդ հարցը փորձաքննության դաշտ։ Կան հարցեր, որոնք այդպես էլ մնացին անպատասխան, օրինակ՝ երբ հարց հնչեց բարձր ռադիոակտիվության վերաբերյալ։ Սա շատ կարևոր է, քանի որ էնտեղ մենք ունենք Ամուլսարի ուրանային հարկ։ Այս հարցի պատասխանը փորձագիտական տարբեր արձագանքներում մենք չգտանք։ Այսինքն՝ ինչպես է դա գնահատվում, ինչ ազդեցություն կունենա։ Կամ օրինակ սեյսմիկ ռիսկերի մասին հարցի պատասխանը, այդպես էլ չտրվեց։ ՇՄԱԳ-ով այդ պատասխանը շատ անորոշ է »,- նշեց նա։
Ըստ բնապահպանի՝ փորձագետները այդ հարցերը տալիս են, որովհետև տեսնում են ռիսկը։ Սակայն մենք Շրջակա միջավայրի նախարարության արձագանքը չունեցանք, բայց հենց նախարարությունը այդ հարցի պատասխանը պետք է ունենա։
«Չի քննարկվում ռիսկ կա, թե չկա։ Քննարկվում է, թե ինչպես է հնարավոր կառավարել։ Դա բոլորովին այլ հարց է։ Նախ պետք է հասկանանք՝ ռիսկը կա թե չկա, եթե ռիսկը կա, նոր միայն պետք է հասկանանք՝ կարելի է կառավարել, թե՝ ոչ ։ Նախարարությանն ասում են, բայց Դուք կարող եք մոնիթորինգ անցկացնել, պարզ է, որ ինքը պիտի ասի՝ այո»,- նշեց Զառաֆյանը։
Մեր դիրքորոշումը ուրանի առկայության հարցով, մենք ասել ենք և պահանջել ենք անվտանգության ապահովում,- ասում է Զառաֆյանը,- հավելելով, որ նամակները ներկայացրել են ժողովներին, կառավարությանը, իսկ հեղափոխությունից հետո՝ նոր կառավարությանը, որտեղ Ամուլսարն առանձին կետով է նշված եղել։
«Մասնակցել ենք քննարկումների, և ամեն անգամ մենք ասել ենք մեր բացասական եզրակացությունը։ Հիմնականում հենվելով այն փաստի վրա, որ մենք չունենք ռիսկերի նորմալ գանահատում, չունենք այդ ցուցակը։ Պետք է գրված լինի ռիսկը, և նշված լիներ, որ այդ ռիսկը կարելի է նվազեցնել կամ վերացնել»,- ասում է Զառաֆյանը։
Մյուս մտահոգիչ հարցը, ըստ Զառաֆյանի, այն է, որ Ջերմուկի հետ կապված մենք նաև սոցիալական ռիսկ ունենք։ Եթե հանքը շահագործվում է, ապա Ջերմուկը դադարում է առողջարան լինելուց։ Եթե վերացնում ես տարիների աշխատանքը, հետո ոնց ենք վերականգնելու»,- նշում է բնապահպանը։
«Եթե Ամուլսար տանող ճանապարհները փակ չլինեին, ապա հանքը վաղուց շահագործված կլիներ։ Մենք պետք է պաշտպանենք այդ մարդկանց իրավունքները, որովհետև մարդը իրավունք ունի պաշտպանելու իր բնակավայրը, իր քաղաքը»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Զառաֆյանը։