ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև' Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Այն սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը:
«Նախագծով անձեռնմխելիություն է տրվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոստային կապին, ապահովվում է գրագրության, ընդհանուր փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև մշակված անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Հստակեցվում է Կարմիր խաչի պատվիրակության ՀՀ քաղաքացի հանդիսացող անդամների դատական գործընթացների նկատմամբ անձեռնմխելիության հասկացությունը: Սահմանվում է նաև, որ ժամանակավոր առաքելությամբ Հայաստան ժամանած Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու աշխատակիցները նույնպես կօգտվեն համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիություններից»,- ասաց Ապիտոնյանը: