ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն արդեն չորրորդ օրն է՝ հավաք են իրականացնում Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ կատարել ՍԴ որոշումը և ազատ արձակել Քոչարյանին:
Դատարանի դիմաց հավաքված են նաև Քոչարյանի կալանավորումը պահանջող քաղաքացիներ: Ոստիկանական մեքենան բաժանում է բարիկադների երկու կողմում գտնվող քաղաքացիներին: Այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքված, և պարբերաբար ավտոբուսներով ոստիկաններ են բերվում: Քոչարյանի ազատմանը դեմ քաղաքացիները խումբը գոռում են «Քոչարյան մարդասպան» և հնչեցնում հեղափոխության օրերին հնչող երգերը, ինչին ի պատասխան՝ Քոչարյանի աջակիցները պատասխանում են՝ «Հերոս Քոչարյան» և միացնում Քոչարյանի վերաբերյալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսած խոսակցությունը:
Նշենք, որ Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
2-րդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։