ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի ու քաղաքական սպասելի իրադարձությունների մասին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ։
«Եղավ այն, ինչ պետք է լիներ։ Նրանց տարաձայնությունները սկսվեցին այն պահից, երբ Վանեցյանին ձայնագրեցին։ Այդ ձայնագրությունն ապացուցեց, որ Փաշինյանը ամեն ինչի կնքահայրն է, այդ թվում` էս պատվերների»,- նշեց Եղիազարյանը։
Ըստ նրա` Վանեցյանի հրաժարականը ուշացած չի, այլ՝ ճիշտ ժամանակին։ Ուղղակի Վանեցյանը համապատասխան վարկաբեկիչ նյութեր չհավաքեց Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։
«Իմ կարծիքով` նոր տնօրենի առաջին թեկնածուն Անդրանիկ Քոչարյանն է, ով ունի աշխատանքային փորձ ներքին գործերի համակարգում և այսօր էլ ղեկավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,- նշեց Եղիազարյանը։
Նրա կարծիքով՝ Վանեցյանը նեղացած է գնում։ Իսկ սթափության կոչն արել է այն մարդուն, ով այս պահին իրենից կախված է։ Նա էլ իր հերթին այդ սթափության կոչին պատասխան տվեց՝ ասաց, որ նա թող ֆուտբոլով զբաղվի, կարևորագույն գործ է։
«Վանեցյանն այն մարդն է, ումից Փաշինյանը կախված է։ Կլինեն հարցեր, որ այս վիճակից էլ ավելի հիմար վիճակի մեջ կգցեն Փաշինյանին։ Այդ պատճառով նա այսօր փորձեց իր «բռի մեջ» պահել Արթուրին»,- ասաց Եղիազարյանը։
Մեր այն հարցին, թե հնարավոր է Վանեցյանին վստահեն մեկ այլ պաշտոն ու արդյոք նա կընդունի առաջարկը՝ Եղիազարյանը պատասխանեց. «Վանեցյանը կընդունի, եթե Փաշինյանը սթափվի, բայց նա սթափվողը չէ»։