ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում կամ բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ ամբիոնից հայտատարել է Ալեն Սիմոնյանը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է, որ լրագրողների նկատմամբ բավական խտրական վերաբերմունք են ցուցաբերել թե՛ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կամ պատգամավորներ:
«Շատ հաճախ, իմանալով, թե որ լրատվամիջոցի ներկայացուցիչ է տվյալ լրագրողը, ակնհայտ խտրականացնում են լրագրողին և նույնիսկ հրաժարվում են խոսել կամ պատասխանել հարցերին. սա իրենից ներկայացնում է բավական ուղղորդված և պաշտոնյային ոչ հարիր վարքագիծ: Իհարկե, Փայլակ Ֆահրադյանի և ԲՏԱ նախարարի միջև տեղի ունեցած դիպվածը շատ ավելի ցցուն է ցույց տալիս այն մոտեցումը կամ նախապաշարմունքները, որոնք իշխանություն կրող անձինք այս պահին ունեն լրագրողների նկատմամբ: Չգիտեմ, թե Ալեն Սիմոնյանն ինչ է նկատի ունեցել, բայց առնվազն իրենց պահվածքով չեն ապացուցում այն հավաստիացումները, որոնք ամբիոնից հնչում են»,- ընդգծում է Հովհաննիսյնաը:
Իրավապաշտպանի խոսքով՝ այն հանգամանքը, որ իշխանությունները իրենց անընդհատ համեմատում են նախկինների հետ, ապացուցում է, որ իրենք կախվածություն ունեն նախկին իշխանության թե՛ վարվելակերպից, թե՛ վարքից, թե՛ օրենսդրական դաշտից և որևէ կերպ չեն կարողանում պոկվել այդ ազդեցությունից և, դրա հետ համեմատվելով էլ միայն, իրենց դիտարկում են որպես իշխանություն:
«Եթե հասարակությունը գոհ լիներ նախկինների պահվածքից, մոտեցումներից, վերաբերմունքից՝ այդքան մեծ ծավալով փողոց դուրս չէր գա, այսինքն՝ դա նշանակում է՝ այո՛, դժգոհ են եղել, և այսօր դրա հակառակն ապացուցելու որևէ խնդիր չկա: Այսօրվա իշխանությունը, ցավոք սրտի, չի ապացուցել, որ ինքը տարբերակված է նախկիններից և շարունակում է նախկին՝ արդեն իսկ փորձարկված պրակտիկաները»,- նշում է իրավապաշտպանը:
Հովհաննիսյանն ընդգծում է՝ ցանկացած քաղաքակիրթ երկրում, եթե նման միջադեպ տեղի ունենար՝ բարձրաստիճան պաշտոնյան պետք է անհապաղ հրաժարական տար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վարքը հակասում է պաշտոնյայի վարվելակերպին, էթիկայի կանոններին:
«Հայաստանում տեսնում ենք, որ պաշտոնյան ոչ հարիր վարքագիծ է դրսևորում, սակայն շարունակում է պաշտոնավարել: Կարող ենք ասել, որ նախկինների ժամանակ էլ է այդպես եղել: Իշխանությունները, նույնիսկ, արժեզրկում են այն ամբողջ վստահությունը, որը հասարակությանը հանել էր փողոց, որպեսզի հեռացներ նախկիններին, փոխարենը՝ անընդհատ հիշեցնում են, որ նրանց պրակտիկան կենսունակ և շարունակական է: Երբ հիշեցնում են, թե նախկիններն ինչ են արել, պետք է հիշեն նաև, որ դրա համար դուրս եկան փողոց և մերժեցին նրանց»,- նկատեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրողներին թիրախավորելու դեպքերին, իրավապաշտպանը նշեց. «Անդրանիկ Քոչարյանը ընդգծված սեքսիստ է և միայն լրագրողների նկատմամբ չէ, որ նմանատիպ դրսևորումներ է ցուցաբերել: Նա առանձնահատուկ նմանատիպ վարք է դրսևորում հենց կանանց նկատմամբ, և ներխուժում է անձնական տիրույթ»:
Իրավապաշտպանը վստահ է՝ իշխանությունը բոլոր ոլորտներում տանուլ է տվել:
Արփինե Հակոբյան