Ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման տեքստում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վալերի Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
ՀՀ ոստիկանապետի պարտականությունները կատարելու է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը։
Օսիպյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր հեռանալու պատճառների մասին կխոսի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանն այս պաշտոնին էր նշանակվել 2018 թ. մայիսին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այս նշանակման մասին գրել էր. «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»:
Ավելի վաղ Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: