Մայրաքաղաքում ապրում է Հայաստանի բնակչության գրեթե կեսը, ուստի, լիովին արդարացի է այն թեզը, որ նա, ով ղեկավարում է Երևանը, կառավարում է երկիրը: Օրերս լրացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման 100 օրը, և քանի որ ինքը՝ քաղաքապետը, չի շտապում հաշվետու լինել արածի և չարածի համար, փորձենք մենք ամփոփել Հայկ Մարությանի 100 օրը: Հիշեցնենք, որ Մարությանը նախընտրական շրջանում խոստանում էր գալ և ծառայել՝ խնայելով Երևանի և երևանցիների ամեն մի լուման: Իսկ այժմ ներկայացնենք այդ ծառայությունը՝ քաղաքապետի պատկերացմամբ: Եվ այսպես՝ Երևանի 2019 թվականի բյուջեով նախատեսվել է ավելի քան 1 մլրդ 991 մլն 438 հազար դրամ (շուրջ 4 մլն 102 հազար դոլար) տրամադրել պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով։ Նկատենք, որ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ՝ նախորդ ավագանու կողմից հաստատված 2018 թվականի բյուջեում այդ նույն նպատակով նախատեսել էր շուրջ 758 մլն 538 հազար դրամ (մոտ 1 մլն 562 հազար դոլար)։ Այսինքն, 2019-ի համար Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքային իշխանության կողմից նախատեսվել է 1 մլրդ 232 մլն 900 հազար դրամով (շուրջ 2 մլն 539 հազար 500 դոլար) ավելի գումար։

Նախընտրական շրջանում Մարությանի տված թերևս գլխավոր խոստումը վերաբերում էր, այսպես կոչված՝ կարմիր գծերի վերացմանը: Բայց արի ու տես, որ ընտրվելուց հետո Մարությանի դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ կտրուկ փոխվեց. «Կարմիր գծերի և այդ կայանումների գումարները գնում են քաղաքային բյուջե, և ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանցով»- հայտարարեց քաղաքապետը:

Նախընտրական խոստումներից մյուսը վերաբերում էր ապօրինի շինարարության դեմ անհաշտ պայքարին: Մինչդեռ ըստ Երևանի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչների՝ մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից շուրջ 31 ապօրինի շինարարության թույլտվություն է տրամադրվել: Ի դեպ, պետք է փաստել, որ այս մի խոստումը կատարելու ընթացքում Մարությանը այնքան է տարվել, որ քանդել է նաև ամբողջությամբ օրինական կառուցված շինությունները, հայտնվել դատական գործընթացների մեջ, պարտվել այդ դատերը և հարկատուների գրպանից այժմ էլ ստիպված է լինելու փոխհատուցում վճարել տուժող կողմին:

Մյուս կարևոր խոստումը վերաբերվում էր Երևանը աղբից մաքրելուն: Թերևս այս թեմային կարելի է շատ լակոնիկ անդրադառնալ՝ խնդիրը ոչ միայն չի լուծվել, այլ հասել է աստղաբաշխական մասշտաբների: Ինչ վերաբերում է Սանիթեքի հետ պայմանագիրը խզելուն, ապա այս խոստումը ևս չկատարվեց, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չի ի կատար ածել, որքան թվում էր Մարությանին:

Գանք վերելակների վերանորոգմանը և նոր տրանսպորտային ցանցի ձևավորմանը: Մեկ տարի անց արդեն իսկ պարզ է, որ մահվան վերելակները քաղաքացիները վերանորոգելու են ինքնուրույն, իրենց գրպանից, իսկ տրանսպորտային ցանցին պետք է սպասենք առնվազն 4-5 տարի: Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարան կառուցելու խոստմանը, դա նույնպես մոտ ապագայում չի իրագործվելու:

Նախորդ տարվա համեմատ նվազել է նաև կանաչ տարածքների հիմնման և պահպանման գծով բյուջետային հատկացումը․ 2018 թվականի 1 մլրդ 669 մլն դրամի (մոտ 3 մլն 441 հազար դոլար) փոխարեն՝ 2019 թվականին այդ նպատակով կհատկացվի 1 մլրդ 93 մլն դրամ (մոտ 2 մլն 250 հազար դոլար), այսինքն՝ 576 մլն դրամով (մոտ 1 մլն 190 հազար դոլար) քիչ։ Մինչդեռ սեպտեմբերին Երևանում քայլ անող Հայկ Մարությանը վստահեցնում էր, որ կանաչապատ տարածքների առումով Երևանում վիճակն այնքան օրհասական է, որ իր առաջին քայլերից մեկը պետք է լինի այդ խնդրի կարգավորումը, ընդհուպ մինչև՝ Երևանում 500.000 ծառ տնկելը։ Քայլ անելուց և Երևանի քաղաքապետ դառնալուց հետո նա, թերևս, ավելի ուշադիր նայեց ու տեսավ, որ իր հնչեցրած խոսքերն այդքան էլ մոտ չեն իրականությանը, և, որ այդ ուղղությամբ իրեն նախորդած քաղաքապետը, այդուամենայնիվ, բավականաչափ աշխատանք տարել էր։ Երևի միայն այսպես կարելի է հիմնավորել բյուջեի այս գծով կատարված նվազումը։

Ավելի հեշտ չէր լինի՞ նախօրոք ասել, որ նոր քաղաքապետարանը եկել է նրա համար, որպեսզի երևանցիներին ապահովի հրապարակում Ամանորի տոնածառով, իսկ աշխատակիցների բանկային քարտերը՝ պարգևավճարներով։ Այդ դեպքում ոչ ոք նրան չէր հանդիմանի ստանձնած պարտականությունները չկատարելու մեջ։