ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում: Աբրահամյանը նաև հերքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին՝ իբր մահից առաջ Հայկ Հարությունյանը վկաներին ասել է, թե Գլխավոր դատախազի կողմից իր վրա եղել են սուտ ցուցմունք տալու ճնշումներ:
Ներկայացնում է Աբրահամյանի հայտարարությունը.
«Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն:
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մամուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել անգամ մահացած մարդու «արյունը»:
Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու, քրեական գործը նոր հարուցված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր՝ ցինիկաբար ակնհայտորեն ելնելով այն հանգամանքից, որ նա դրանք հերքել կամ հաստատել չի կարող:
Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ որևէ տվյալ չի ստացվել ականատես որևէ անձի կողմից նմանատիպ պնդումներ կամ հայտարարություններ արված լինելու վերաբերյալ:
Տարօրինակ և խիստ հատկանշական է այն հանգամանքը, որ հենց կոնկրետ քարոզչական խնդիր լուծող լրատվամիջոցների կողմից է տարածվում նման ստահոդ, անբարո տեղեկատվությունը՝ նման ճղճիմ մեթոդներով փորձ կատարելով վարկաբեկելու քրեական հետապնդման մարմինների ղեկավարներին:
Հաշվի առնելով Հայկ Հարությունյանի՝ հանրային մեծ հնչողություն ունեցող և կարևորագույն քրեական գործով առանցքային վկաներից մեկը լինելու հանգամանքը՝ Դատախազությունը առանձնահատուկ հետևողականություն է ցուցաբերելու նրա մահվան իրական հանգամանքները, դրդապատճառները բացահայտելու հարցում»: