Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Գրիգորյանին հետազոտել և նրա առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն է տվել միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայից ժամանած հայտնի ուռուցքաբան Նորբերտ Ավետյանը։ Վերջինս արձանագրել է, որ այն տարածքը, որտեղ գտնվում է հիվանդը, խանգարում է նրան քայլել, ինչը ազդում է նրա մկանային աշխատանքի վրա, և նրա մոտ առկա հիվանդնությունները կարող են խորանալ և հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, այդ թվում մահվան։
Նրա պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն էլ նշեց․ «Խափանման միջոց կալանքը չփոխելը համարում ենք խոշտանգում։ Բազմիցս է բարձրաձայնվել դատարանում, որ կալանքը խոչընդոտում է Գրիգորյանի բուժմանը, վատթարացնում է վիճակը․ այդ ամենի պատասխատուն դատարանն է։ Հայցում ենք ձեզանից, որ կալանավորումը փոխարինվի գրավով, մինչեւ հինգ միլիոն դրամով, որի վճարումը երաշխավորում ենք։ Ողջ բժշկական անձնակազմը բարձրաձայնում է, որ կալանքը խոչընդոտում է, որ անձը բուժվի։ Ի՞նչն է խանգարում, որ մարդը դուրս գա, բուժվի։ Բժիշկը փաստում է, որ այս պայմաններում կարող է մահանալ»։
Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։ Նրա նկատմամբ նշանակվել է համալիր դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է առողջապահության փոխնախարարի կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովին։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։