Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո թվում էր, որ իսկապես իրավիճակ է փոխվել, հատկապես՝ պաշտոնյաների վարքագծի տեսանկյունից: Հեղափոխական թիմը, գալով իշխանության, խոստացել էր, որ չի բռնելու նախկինների փշոտ ճամփան և չի կրկնելու վերջիններիս սխալները: Հակառակում համոզվելու համար մեզնից շատ ժամանակ չպահանջվեց: Առաջին սկանդալը ծագեց Տիգրան Ավինյանի անվան շուրջ: Ավինյանի անվան շուրջ ամենամեծ սկանդալը կապված էր նրա հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ, որը չրի արտադրությունը զարգացնելու համար 2018-ին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, որի արդեն նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանը նախորդ տարի հոկտեմբերին նշանակվել էր գյուղնախարար: Շատերն այս ամենում կոռուպցիա և շահերի բախում տեսան, այս հարցին անդրադարձ եղավ նաև Փաշինյանի մակարդակով: Դրամաշնորհի ստացման մասին պարզաբանում ներկայացրեց նաև ինքը՝ Ավինյանը, և նշեց, որ ՍՊԸ-ն իր հայտը ներկայացրել է դեռևս մինչ իր փոխվարչապետ նշանակվելը՝ 2018-ի փետրվարի 14-ին: Իսկ դրամաշնորհի ստացման ընթացակարգի 9 փուլերը տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը, վերջին փուլն էլ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքն ընդամենը մի քանի օրվա փոխվարչապետ էր: Հետևապես, շահերի բախման խնդիր լինել չի կարող: Նկատենք, որ ՍՊԸ-ի հետ համաձայնագիրը կնքվել է մայիսի 25-ին, երբ Ավինյանը երկու շաբաթ է, ինչ փոխվարչապետ էր, իսկ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 1-ին: Փոխվարչապետը, պետռեգիստրի տվյալներով, ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թ. հունիսի 5-ին: ՍՊԸ-ի տնօրենը Ավինյանի հայրն է՝ Արմեն Ավինյանը, որի հետ էլ կնքվել է վերոհիշյալ համաձայնագիրը, իսկ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը փոխվարչապետի կրտսեր եղբայրն է՝ մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ Դավիթ Ավինյանը: Նշենք, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ն զբաղվել է ինտենսիվ այգիների հիմնմամբ, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի տեղադրմամբ, իսկ 2016-ից՝ չրի արտադրությամբ:
Հաջորդ ամենասկանդալային կերպարը Հայկ Սարգսյանն է, ով այս ընթացքում հասցրեց հայտնվել հինգից ավել սկանդալային պատմությունների մեջ: Էլիտար ակումբներ, թանկարժեք ավտոմեքենաներ և Բաղրամյան 26 էքսկուրսիայի տարած աղջիկներ:
Սկանդալներից չի խուսափել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը. վերջինիս արկածները ձեռք բերված Կամազների հետ մինչ օրս էլ, չգիտես ինչու, չեն արժանացել պատկան մարմինների ուշադրությանը՝ չնայած այնտեղ առկա կոռուպցիոն ռիսկերի:
Իրական սկանդալի հերոս դարձան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը: Գաղտնալսման հայտնի պատմությունը դեռևս բոլորիս հիշողության մեջ է:
Աչքի է ընկել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ում բժշկական հանրությունը մեղադրեց ոչ միայն Գարդասիլ դեղամիջոցը պատվերով փիառելու, այլ նաև ապրիլյան պատերազմի մասնակիցների հասցեին՝ պաշտոնյանին ոչ վայել արտահայտություններ անելու մեջ: Սակայն, ըստ էության, Թորոսյանը Փաշինյանի համար այնքան կարևոր կադր է, որ վերջինս, չնայած հանրային ճնշման, չպահանջեց նախարարի հրաժարականը:
Սկանդալի կիզակետում հայտնվեց նաև Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետը, ում օգնականը կալանավորվել է սպային ծեծելու մեղադրանքով: Մարզպետի մասնակցությունը տվյալ դրվագին դեռ պարզվում է, սակայն, վկաների պնդմամբ՝ վերջինս եղել է դեպքի վայրում:
Հեղափոխությունից հետո անհանգիստ էր նաև սոցապ. նախարարությունում: Մասնավորապես միմյանց կոկորդ կրծելով էին զբաղված Սոցապ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը: Երկուսն էլ, ընդ որում, հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին:
Ամուլսարի թեման էլ ծնեց նոր սկանդալներ՝ պաշտոններին հրաժեշտ տվեցին քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը: