Հռոմում իր աշխատանքները սկսեց կիբեռանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր «Cybertech» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հայաստանը որպես կիբեռանվտանգության հարցերով տարածաշրջանային ի հայտ եկող կենտրոն և գրավիչ վայր ներդրումների համար» խորագրով ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձավ մի շարք հարցերի։ Նա նշեց, որ Հայաստանը 21 րդ դարի երկրի դասական օրինակ է։ Հայաստանը հնագույն երկիր է, հնագույն ազգով, ունի մեծ պատմություն, առևտրային գործընկեր է եղել աշխարհի տարբեր երկրներում, քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է։
«Ես հավատացած եմ, որ 21 րդ դարը Հայաստանի նման երկրինն է, մենք ունենք բարձր մակարդակի կրթական համակարգ, հատկապես բնական գիտությունների ոլորտում։ Լինելով փոքր երկիր՝ ունի մեծ ազգ։ Հայաստանի բնակիչներից մի քանի անգամ ավելի հայ է ապրում աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավված լինելով տարբեր ոլորտներում»,-֊ասաց Նախագահը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում հատուկ ուշադրություն է դարձվում կրթությանը, կրթական ծրագրերին։ Նախագահի խոսքով, Հայաստանում կարող եք գտնել յուրատեսակ կրթական ծրագրեր, ինչպիսին, օրինակ, «Թումոն» է, որի փորձը ներկայացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Նա առանձնացրեց «Այբ» կրթական ծրագիրը, «Քվանտը»։
Արմեն Սարգսյանը խոսեց նաև նախագահական նոր նախագծի՝ Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված «ATOM» (Advanced tomorrow) ծրագրի մասին։ Տարբեր բաղադրիչներ ունեցող «ATOM» ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ու կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ: Նա հրավիրեց ներկաներին իրենց մասնակցությունն ունենալու ծրագրին։
«Մենք շատ նվաճումներ ունենք, այդ թվում՝ և ստարտափերը: Հայաստանում իրականացվում է Seaside Startup-ը:
Այս տեսանկյունից ես հավատացած եմ, որ նաև «ստարտափի» նախագահ եմ, և մեր ստարտափը կոչվում է Հայաստան: Երիտասարդ, բայց հին ազգ, որն ունի լավ որակներ, լուրջ հավակնություններ՝ դառնալու մեծ, ինչպես յուրաքանչյուր ստարտափն է ձգտում»,-֊ասաց Նախագահը։
Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ այս համաժողովը կանցկացվի նաև Երևանում։
Համաժողովին ելույթներով հանդես եկան իտալական հայտնի Leonardo ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոն, RSA Security ընկերության նախագահ Ռոհիթ Գային, Israel Electric Corporation ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Օֆեր Բլոխը, Europe Kaspersky-ի հետազոտական կենտրոնի ղեկավար Մարկո Պրեուսը և այլք։ Բանախոսներն արձանագրեցին, որ տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ գնալով աճում են կիբեռհանցագործությունները։
«Կիբեռհանցագործությունների աճը նկատելի է հատկապես վերջին տարիներին։ Թիրախավորվում են ամենատարբեր ոլորտներ, թվային հասարակության անվտանգությունը դառնում է լուրջ մարտահրավեր»,-ասաց Ալեսանդրո Պրոֆումոն։
Բանկային ոլորտ, ֆինանսական համակարգ, առողջապահություն, ենթակառուցվածքներ, կառավարում և այլն. բազմաթիվ ոլորտներ, որոնք թիրախավորվում են կիբեռհանցագործների կողմից՝ ներառելով ինչպես խոշոր, և փոքր կազմակերպությունները, այնպես էլ անհատներին։ Ամեն տարի ընդլայնվում է թվային հասարակությունը, ինչին զուգահեռ ավելանում են կիբեռհանցագործությունները։ Բանախոսներն ընդգծեցին, որ ոլորտի առաջնորդներն ունեն պատասխանատվություն թվային հասարակության անվտանգության հարցում։ Այդ համատեքստում, նրանք ընդգծեցին «Cybertech» համաժողովի կարևորությունը, ինչը լավ հարթակ է լուծումներ գտնելու առումով։ Ելույթ ունեցողներն այդ հարցում կարևորեցին նաև կոնկրետ, սերտ համագործակցությունը ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ մասնավոր պետական հատվածի միջև։
«Cybertech»- ը կիբեռարդյունաբերության ամենակարևոր B2B ցանցային պլատֆորմն է, որն իրականացնում է ոլորտին առնչվող միջոցառումներ ամբողջ աշխարհում: Թել Ավիվից՝ Հռոմ, Տոկիո, Սինգապուր, Պանամա. այս և այլ երկրներում իրականացվում են համաժողովներ, ցուցահանդեսներ, ներկայացվում են տեխնոլոգիական ինովացիաները, անդրադարձ է կատարվում ժամանակի մարտահրավերներին, խնդիրների լուծմանը՝ համաշխարհային կիբեռոլորտում սպառնալիքների դեմ պայքարի համատեքստում:
Այն կարևոր իրադարձություն է, որին մասնակցում են կիբեռանվտանգության ոլորտին առնչվող հազարավոր մասնագետներ, առաջատար տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Անցկացվում են դասախոսություններ, լիագումար նիստեր, հրավիրվում են հատուկ խոսնակներ: Համաժողովը կազմակերպում է խոշորագույն ցուցահանդես բազմատեսակ ընկերությունների և փոքր ու միջին բիզնեսի համար:
Հռոմում մեկնարկած համաժողովն իր աշխատանքները կշարունակի սեպտեմբերի 25-ին։