Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետի մակարդակով շատ է խոսվում յուրաքանչյուր լուման նպատակային ծախսելու անհրաժեշտության մասին: Այսպիսով, Փաշինյանի թիմը ամեն կերպ ջանում էր ցույց տալ, որ իրենք «լափելու» համար չեն եկել, և հարկատուների վճարած գումարները խնայելը այս կառավարության համար առաջնահերթությունների շարքին է դասվում: Այդպե՞ս է արդյոք դա: Դիտելով վերջին շրջանում մեր պաշտոնյաների տարատեսակ գործուղումները և մոտավոր պատկերացնելով, թե որքան գումար է ծախսվել վերջինների վրա՝ կարելի է եզրակացնել, որ այս թիմը, ինչպես և նախկինները, չգիտի կամ էլ մոռացել է խնայողություն բառը:

Ինքը՝ Փաշինյանը, սակայն, ինչպես երևում է, չի պատրաստվում հետևել իր կոչին: Երեկ մեդիայում տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և կառավարական պատվիրակության այցը ԱՄՆ պետական բյուջեի վրա արժեցել է 400.000 ԱՄՆ դոլար։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե վարչապետ Փաշինյանը պատրաստվում է այլ քաղաքներ ևս մեկնել նշված ինքնաթիռով, բայց կարող ենք ենթադրել, որ գերթանկարժեք վոյաժը շարունակվելու է, քանի որ օրերս կառավարությունը որոշում էր կայացրել կառավարության անդամների գործուղումների համար պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 250 մլն դրամ: Ըստ էության, այս 250 մլն դրամը նախատեսված է վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարած այցի ծախսերը հոգալու համար միայն:

Փաշինյանի հետ այս տեսանկյունից կարող է ոտք մեկնել միայն Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը: Այդ ընթացքում Ռևազյանը շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի: Հարկատուները, իհարկե, այսչափ չէին սրտնեղի, եթե Ռևազյանի վոյաժները ունենային գեթ մեկ գործնական արդյունք: Սակայն պետք է արձանագրել, որ չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, չեն էժանացել ավիատոմսերը, չի ստեղծվել հայկական ավիափոխադրող:

Այսքանից հետո էլ դեռ պարզվում է, որ արտասահմանյան գործուղումների տարեկան բյուջեն կավելանա 310 մլն դրամով: Տարեսկզբից այդ նպատակով կառավարության անդամներն արդեն ծախսել են 550 մլն դրամ: Մի կողմից կառավարությունը կոչ է անում ձգել գոտիները, մյուս կողմից, ինչպես երևում է, դա վերաբերվում է միայն շարքային քաղաքացիներին, իսկ նոր Հայաստանի կառավարության անդամները կարող են շարունակել ապրել լեն ու բոլ կյանքով՝ նախկինների ավանդույթները շարունակելով: