Ներքաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հասցեին Լոս Անջելեսում արված աղմկահարույց հայտարարությունը: Հիշեցնենք, որ, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ Փաշինյանը ասել էր, թե այդ հայտարարությունն արվել է դե յուրե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, ինչը նշանակում է, որ Վանեցյանը հայտարարություն է տարածել իր գերագույն հրամանատարի դեմ։ «Սպայի պատվի համար դրանից ավելի մեծ անարգանք չկա ... դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,- ասել էր Փաշինյանը։ Արթուր Վանեցյանը պատասխանել էր այս հայտարարությանը, ասելով, որ ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Երեկ էլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը անդրադարձել է արդեն վարչապետի թիմակից, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ընդ որում, արձագանքը բավական անսպասելի էր: «Ոչ մեկ իրավունք չունի ասի, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»- հայտարարել է նա:
 
Փաստացի, Սասուն Միքայելյանը արձանագրում է, որ վարչապետը չուներ Վանեցյանի հասցեին նման կերպ խոսելու իրավունք: «Բոլորս պետք է սթափվենք», սթափվելու մասին Վանեցյանի կոչի վերաբերյալ ասում է Սասուն Միքայելյանը՝ խոսելով, որ ինքն էլ ուսադիրներ է կրել: Այդ հիշատակմամբ էլ Միքայելյանը թերևս ակնարկում է այն, ինչ Վանեցյանը ասել էր օրերս բաց տեքստով, որ Նիկոլ Փաշինյանը, կապ չունենալով զինվորականության հետ, չգիտի սպայի ուսադիրի արժեքը և նման հայտարարություններ անելով՝ պարզապես բացահայտում է պետականամետ քաղաքականության գծից շեղվելու փաստըԻրավիճակի անլրջությունը կայանում է նրանում, որ, ըստ էության, սպայի պատիվ հասկացությունը անարգել շահարկվում է քաղաքական ինչ-ինչ գործընթացներում, իսկ զինվորական կոչումները այնքան են արժեզրկվել, որ օրինակ գեներալի կոչում շնորհելը և մեկ ամիս անց վերջինիս «ուսադիրները աղբաման նետելու»՝ հանրային կոչ հնչեցնելը դարձել է սովորական, առօրյա երևույթ: Ուշագրավ է նաև Միքայելյանի մեկ այլ դիտարկում, որ եթե պետական սահմանների նկատմամբ ոտնձգություն լինի, 7000 ԵԿՄ-ական կկանգնի մեր զինվորի կողքին՝ առաջնագծում, իսկ դա մեծ ուժ է, հայտարարել է ԵԿՄ նախագահը: Փաստենք, որ Վանեցյանի վերաբերյալ արված հայտարարության ֆոնին Սասուն Միքայելյանի 7000 ԵԿՄ-ականի վերաբերյալ այս դիտարկումը գործնականում ստանում է քաղաքական «հիմնադիր կապիտալի» մասին ակնարկի իմաստ:
 
Ի դեպ, սա Հայաստանում բարձրագույն սպայական կազմի հանդեպ ամենաբարձր մակարդակով դրսևորվող վերաբերմունքի երեկ տրված միակ գնահատականը չէր: Անդրադառնալով գեներալներից մյուսի՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը և նրա օրեցօր վատթարացող առողջությանը, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ասել է մասնավորապես հետևյալը. «Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ ինձ համար և բոլոր երկրապահների համար»: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը՝ չնայած այն հանգամանքին, որ անգամ անկախ բժշկական փորձաքննությունն է փաստել կալանավայրում գեներալի առողջական վիճակի ծայրաստիճան վատթարացումը։ Իհարկե նման հայտարարություն անելը լուրջ ռիսկ է Դավիթ Տոնոյանի համար, հատկապես, եթե հաշվի առնենք գրեթե յուրաքանչյուր օր մամուլում հայտնվող՝ վերջինիս մոտալուտ հրաժարականի մասին տեղեկությունները: Սակայն այս հանգամանքը, ինչպես տեսնում ենք, չի խանգարում ՊՆ ղեկավարին արտահայտել իր դիրքորոշումը:
 
Իրավիճակը, ինչ խոսք, ուշագրավ է, քանի որ քաղաքական դաշտի երկու գործող առանցքային դեմքերը՝ ՊՆ ղեկավարը և վարչապետ Փաշինյանի կուսակից, ազատամարտիկ պատգամավորը, ըստ էության, իրենց աջակցությունն են հայտնում արդեն իսկ քաղաքական ասպարեզը թողած երկու մյուս առանցքային գործիչներին՝ Արթուր Վանեցյանին և Մանվել Գրիգորյանին: Միքայելյանի և Տոնոյանի հայտարարությունները խոսում են ոչ այնքան անձերի, որքան պետականամետ գծի աջակցության մասին, որի անքակտելի մասն է կազմում երկրի զինված ուժերի, պատերազմական ուղի անցած ռազմական գործիչների հանդեպ հարգանքը,  և բացահայտում են այն ամլությունը, որն այս առանցքային և նուրբ հարցում առկա է վարչապետ Փաշինյանի և իր քաղաական թիմի մեծամասնության մոտ: Եվ եթե Փաշինյանը իր ելույթում բառացի հայտարարում էր, որ ԱԱԾ նախկին պետի հրաժարականի տեքստը անարգանք էր Հայաստանի զինված ուժերի նկատմամբ, եթե իր իսկ կողմից գեներալի կոչմանն արժանացած գործչին մեկ ամիս անց անվանում է պուտչիստ, ապա Միքայելյանի և Տոնոյանի երեկվա մեսիջները ավելի քան բացահայտ կերպով այդ նույն «մեղադրանքի» սլաքները ուղղում են հենց դեպի վարչապետ Փաշինյանը՝ կարծես ցանկանալով ցույց տալ, թե ով է իրականում շահարկում ՀՀ զինված ուժերի հանդեպ հարգանքը և սպայի պատիվը...