Վահրամ Բաղդասարյանի հետ ուղղակիորեն կապվող ՍՊԸ-ն 2․7 մլն դրամով 6500 քմ անշարժ գույք է գնել։ Այս մասին հայտարարում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը․ «Վանաձոր համայնքի հանգստյան գոտում գտնվող Արտեկ ճամբարի գույքը Վահրամ Բաղդասարյանի հետ ուղղակիորեն կապվող «Վաբա» ՍՊԸ-ն 2004թ.-ին գնել է չնչին գումարով՝ ճամբարի շուրջ 6.5 հզր քմ տարածք զբաղեցնող գույքի համար վճարելով ընդամենը 2 մլն 700 հզր դրամ: Ահա այսպես են իրար մեջ բաժանել մեր երկիրը: Սա է հանրապետականների դիմագիծը: Այս արժեհամակարգը կրող մարդիկ են տարիներ շարունակ ղեկավարել մեր երկրում: Պարոնա′յք հանրապետականներ, հերթով և ամբողջությամբ վերադարձնելու եք թալանածը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը' գրառմանը կից ներկայացնելով փաստաթղթեր։
Մեկնաբանություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Վերջինս մարզպետի գրառումը որակեց որպես անտեղյակ, գործը չիմացող մարդու հրապարակում․ «Նա պատահականորեն հայտնվել է մարզպետի աթոռին և պարզապես չի տարբերում սեփականաշնորհումը անվանափոխությունից։ Դա սեփականաշնորհվել է 1995 թվականին ՀՀՇ-ի ժամանակ, որը գտնվում էր կահույքի ֆաբրիկայի բալանսում և այդտեղ կա 32 մլն եվրոյի ծրագիր։ Եթե ուզում են խանգարել ծրագիրը չիրականացնելու համար, նրանց չի հաջողվի»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ քիչ անց իր կողմից ամեն ինչ կհրապարակվի։
Մեզ հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ նշեց, որ այդ առնչությամբ գրություն է ուղարկվել դատախազություն և արդեն հարցն իրավական դաշտում է։
Վահրամ Բաղդասարյանի կողմից հնչեցված՝ «մարզպետը չի տարբերում սեփականաշնորհումը անվանափոխությունից» արտահայտությանն ի պատասխան՝ Անդրեյ Ղուկասյանն ասաց․ «Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ է որպես թալանով զբաղված մարդ ևմ զբաղեցնելով տարբեր պաշտոններմ ունի ահռելի քանակության ապօրինի սեփականություն։ Իրավական պրոցես անցնելուց հետո այն գույքն ու սեփականությունները, որոնք ապօրինի է թալանել Հայաստանի Հանրապետությունից ինքը խելոք հետ է վերադարձնելու»,- ասաց Ղուկասյանը։
Հարցին՝ խոսքը ո՞չ միայն այս տարածքին է վերաբերում, մարզպետն ասաց․ «Այո, բազմաթիվ են, բայց մենք հերթով զբաղվում ենք։ Փոքր-ինչ ժամանակի խնդիր ունենք, որովհետև նման պաշտոնյաները, ցավոք, շատ են եղել։ Կոնկրետ իր անձի հետ կապված սա առաջին հաղորդումն է դատախազություն, բայց մոտ ապագայում էլի կլինեն, դա կլինի հրապարակային և բոլորը կիմանան այդ մասին»,- նշեց Ղուկասյանը։
Սոնա Հարությունյան