ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
«Քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն»,- ասաց Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից Տարոն Սիմոնյանը փաստել է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը դեմ է բոլոր այն որոշումներին, հռչակումներին որոնք դեմ են օրենքի, իրավունքի ոգուն եւ տառին: «Դիրքորոշումը որով կողմ ենք քվեարկում իշխող խմբակցության ներկայացրած նախագծին՝ հիմնավորված է այն պատճառաբանությամբ, որ մենք հարգում ենք կասկած ունենալու ձեր իրավունքը»,- նշել է Տարոն Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում ՍԴ որեւէ դատավորի կողմից կարգապահական որեւէ խախտման պարագայում քաղաքական մեծամասնությունը նույն ջանասիրությամբ կսկսի նույն իրավական գործընթացները:
Նա տեղեկացրել է, որ խմբակցութունը կողմ է նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Պատգամավորը եւս մեկ անգամ նշել է իրենց քաղաքական ուժի քվեարկությանը չմասնակցելու պատճառը՝ փաստելով, որ փաստաթուղթը թերի է իրավական հիմնավորումների տեսանկյունից: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով նախագծի վերաբերյալ, նշել է, որ խմբակցության ներկայացրած նախագիծն օրինական է, ինչի մասին նշվել է նաեւ մամուլում: Նա ընդգծել է, որ այն միտված է դատաիրավական համակարգի ընդհանուր բարեփոխումներին, դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը, ամրացմանը եւ դատարանների ու դատավորների դերի բարձրացմանը: