ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ժամեր առաջ Հայաստան ժամանած հանրահայտ Սերժ Թանկյանի ու Էրիկ Իսրայելյանի հետ։ «Թանկագին հյուրեր ունենք»,-լուսանկարին կից գրել է վարչապետը։
Նշենք, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյան մասնակցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ «WCIT 2019»-ին։
Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։