Արդեն տեղեկացրել էինք, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում էր․ «Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս: Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։ Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին»։

Սկսվեց ստորագրահավաք, որին մասնակցեցին արվեստի, մշակույթի, հասարակական ու քաղաքական գործիչներ։ ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց նախաձեռնությանը մասնակցած գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հետ։ 

«Այս նախաձեռնության մասին ընկերս՝ Աղվան Վարդանյանն ինձ ասաց։ Ես էլ խնդրեցի նամակի տեքստ, ծանոթացա բովանդակությանն ու ստորագրեցի։ Կարծում եմ, եթե Ռոբերտ Քոչարյանը բուժում է ստանում, ապա կարելի է նաև նրա խափանման միջոցը փոխել։ Թող դատավարությունը ընթանա, եթե մեղավոր լինի թող դատվի, եթե ոչ ՝ չի դատվի։

 

Ըստ Տեր- Գուլանյանի՝ կարևոր է, որ խափանման միջոցը փոխվի․ «Մարդը գնա տուն, բուժում ստանա։ Առողջական խնդիրներ ունենալու պարագայում սա լավագույն որոշումն է։ Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ ստուգումներ է անցել։ Եթե նրա խափանման միջոցը փոխեն, ոչինչ  էլ չի փոխվի։ Դատավարությունը կշարունակվի ու, եթե մեղավոր է՝ պատասխանատվություն կկրի իր արաքների համար»։