ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ: Քիչ առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով վճիռը:

Դատավորը հայտարարեց, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց. նա կհայտնվի ազատության մեջ: 

Ինքը՝ Քոչարյանը ներկա չէր վճռի հրապարակման ժամանակ:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահները երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, կներկայանա դատարան և կկատարի դատավարական պարտականությունները:

Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դիմաց հավաքված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ քաղաքացիները աղաղակում են՝ մի մասն ուրախություն, մյուս մասը՝ դժգոհություն արտահայտելով: Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված դատարանի դիմաց, որոնք փորձում են վերահսկել իրավիճակը։ 

Նշենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման համար: Նրանք անձամբ ներկայացել էին դատարան և հայտնել, որ 500.000–ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին։

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, և շինծու գործով իրականացվում է քաղաքական հետապնդում։

Մարտի 1-ի գործը շուրջ 10 տարի էական առաջընթաց չէր արձանագրում, միայն 2018-ի ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո գործը նոր փուլ մտավ, իսկ 2019թ. ապրիլին՝ գործը մտավ դատարան:

Մայիսի 13-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցով նախնական դատական նիստը։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կրկին կալանավորվեց և առ այսօր կալանքի տակ է։

Սոնա Հարությունյան