Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը դատարանը բավարարարել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը:
«Հայցով պահանջվում էր անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել իրեն թատրոնի տնօրենի աշխատանքում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց»:
Այն հարցին, թե Օրբելյանը կցանկանա շարունակել իր գործը, որպես Օպերային թատրոնի ղեկավար, փաստաբանն ասաց.«Ենթադրում եմ, որ կշարունակի աշխատել տնօրենի պաշտոնում, որովհետև վճռով մեր պահանջը բավարարվել է, իսկ մենք դիմել ենք դատարան՝ նրա խախտված իրավունքները վերականգնելու համար»:
Փաստաբանն ասաց, որ հետագան պարզ կդառնա վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը 30 օր կտևի. «Եթե պատասխանող կողմը չբողոքարկի վճիռը, այն 30 օրից օրինական ուժի մեջ կմտնի, իսկ կբողոքարկեն, թե ոչ՝ ես դեռ տեղյակ չեմ»:
Հիշեցնենք, որ մայիս ամսին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց ներկայացրեց մշակույթի նախկին նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ։ Ն․Ղարիբյանն Օրբելյանին ազատել էր տնօրենի պաշտոնից՝ մի քանի հանգամանքներից ելնելով։ Առաջին պատճառը կառավարության որոշումն էր, որն այդ պահին դեռ ուժի մեջ չէր եղել, երբ Օրբելյանը տնօրեն էր նշանակվել։ Երկրորդը ՊՈԱԿ-ների մասին օրենքն էր, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումը։ Եվ երրորդը Օրբելյանի' հայերենի չիմացությունը: