Պնդել, թե իրենց փոքրիկին վաճառել են, պարզապես անմտություն է՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Այսպիսի հայտարարությամբ պարզաբանում է տարածել Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ․
«Նկատի առնելով մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցով անդրադարձ էր կատարվում Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մահածին պտղի դեպքին, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները:
Ծննդաբեր Հայկուհի Խաչատրյանի պտուղը ծնվել է 24.09.19 թվականին, ժամը 22.20-ին՝ արդեն մահացած: Ծնողներին պտղի մահացած լինելու մասին ծնունդը վարող բժիշկը վերջնական տեղեկացրել է ժամը 18.00-ի սահմաններում՝ սոնոգրաֆիայից հետո: Բացի այդ, գոյություն ունեն փաստը ապացուցող այլ տվյալներ՝ վարող բժշկի զննման գրառումը, ինչպես նաև ծննդկանի գրությունը՝ պտղի ներարգանդային մահվան պատճառը ճշտելու վերաբերյալ: Պնդել, թե իրենց փոքրիկին վաճառել են, պարզապես անմտություն է՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Ավելին՝ ծննդկանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին:
Մահացած պտղի հերձումը և հետազոտությունը ՀՀ-ում կարգավորվում է կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ հիվանդանոցը պարտավոր է մահվան արձանագրումից 12 ժամվա ընթացքում պտղի դին ուղարկել դիահերձման, ինչը և արվել է:
25.09.2019թ.–ից մինչև 27.09.2019թ.–ը հերձված դին պահպանվել է դիահերձարանի սառնարանում, և միայն Ոստիկանության՝ 30.09.2019 թ.-ի պահանջով, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, նույն օրը դիահերձարանից իրավապահ մարմնին տրամադրվել են պտղի օրգանները: Մեր կողմից միջնորդություն է արվել նաև կատարել ԴՆԹ հետազոտություն:
Նրա ամուսինը, տեղեկանալով պտղի ներարգանդային մահվան մասին, հիվանդանոցում աղմուկ է բարձրացրել՝ կոտրելով ծնարանի դռան ապակիները, խանգարելով մյուս հիվանդների անդորրը:
Ավելին՝ ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, ԲԳԴ-պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանն անձամբ զանգել և հանդիպման է հրավիրել մահացած փոքրիկի ծնողներին, ինչը մերժվել է:
Ցավակցելով երիտասարդ ծնողներին, և իբրև բժիշկներ՝ քաջ գիտակցելով նրանց հոգեվիվիճակը, այնուամենայնիվ անընդունելի ենք համարում այն անհիմն աղմուկն ու վիրավորական արտահայտությունները, որոնք արվել են հատկապես սոցիալական մեդիայի հարթակում: Ըմբռնելով ծնողների խորը վիշտն ու դրանից բխող հուզական պոռթկումները՝ անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և քննչական մարմինների գործողությունների ավարտին»: